Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի խոսքերից, ռեկտորները տեղյակ էին բուհերի միավորման ծրագրից․ Դումանյանը հաստատեց՝ երեք բուհերը կմիավորվեն

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի այն հայտարարությունից, որ իր համար եղել է անակնկալ բուհերի միավորման հարցը, ավելի շատ լիազոր մարմնի համար է դա եղել անակնկալ, որ այդ հարցը ընդգրկել են օրակարգ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով երեք համալսարանների միավորման հարցին և դրա հետ կապված առաջացած բողոքի ալիքին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

 

«Այդ հարցի հետ կապված վերջին քննարկումը եղել է օգոստոսի 9-ին, անձամբ ես եմ հանդիպել 3 բուհերի ռեկտորների հետ, մինչ այդ ևս եղել են հանդիպումներ, նրանց ասվել է, որ կա նման գաղափար, այդ գաղափարը նոր չէ, այն քննարկվել է տարիներ շարունակ, ես ասել եմ, որ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Բրյուսովի ռեկտորը ինձ ասել է, որ իր պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին և կարգի համաձայն հոկտեմբերին պետք է հայտարարվի մրցույթ, ես էլ պատասխանեցի, որ քանի որ կա միավորման գաղափար, որքանո՞վ է նպատակահարմար այդ պարագայում մրցույթ իրականացնելը»,- ասաց Դումանյանը։

 

Բուհերի ռեկտորները առաջարկել են Վահրամ Դումանյանին քննարկել այլ կոնցեպտ, ինչին նախարարը դեմ չի եղել։

 

«Մենք մինչև հիմա սպասում ենք այդ կոնցեպտի քննարկմանը, նախարարության համար անակնկալ է եղել, որ մեր ունեցած քննարկումից հետո իրենք գնացել են այդ քայլին՝ առանց տեղյակ պահելու և քննարկելու։

Դումանյանը հաստատեց, որ կառավարությունը շրջանառում է բուհերի միավորման որոշումը։

«Այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման որոշում, սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում և կշարժվենք առաջ։ Դրանից մեր կյանքում կտրուկ ոչինչ չի փոխվելու, այս ամենը ունի կրթության որակը բարձրացելու միտում, որևիցե բան չի փակվում, որևէ հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե  2 ռեկտորի հաստիք պակաս կունենանք, այսինքն խոսքը կարող է լինել ամենաշատը երկու պաշտոնի կրճատման մասին, բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու»,- հայտնեց նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.