«Արդյո՞ք ՀՀ իշխանության լեգիտիմությունը և լեգալությունն արտացոլվում են 2021-ի ընտրություններով». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը թելեգրամյան իր էջում գրել է. «Արդյո՞ք ՀՀ իշխանության լեգիտիմությունը և լեգալությունն արտացոլվում են 2021-ի խորհրդարանական ընտրություններով։ Իշխանությունը, ինչպես գիտենք, ամեն հարմար առիթի պնդում է, թե իշխանության լեգիտիմությունն (քաղաքական իմաստ) ու լեգալությունը (իրավական իմաստ) ամրագրված է և շարունակում է պահպանվել 2021-ի խորհրդարանական ընտրություններում իրենց ստացած ձայներով, որը կազմել է ընտրություններին մասնակցողների շուրջ 54 տոկոսը։

Որոշելու համար, թե արդյոք գործող իշխանությունը լեգիտիմ է և լեգալ, կարևոր է ուսումնասիրել դրա նախընտրական ծրագիրն ու վերլուծել դրա իրագործման ընթացքը։

Հայաստանի Հանրապետության համար դա հատկապես կարևոր է անել Արցախի անվտանգության և ապագայի մասով։ Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հատկապես նշում է՝ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

Ուշադրություն դարձրեք, որ ՔՊ կուսակցությունը նախընտրական ծրագրով հաստատապես պնդում է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանցքային նշանակություն է ունենալու և համոզված է, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելու դեպքում Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող գոյատևել։

Հիմա, երբ անցել է արդեն շուրջ մեկ տարի և հենց այս ծրագրով վստահություն է ստացել այս իշխանությունը, հնարավոր է վերլուծել, թե որքանով են նախընտրական ծրագրի դրույթները համապատասխանում կատարվածին։

Այսպես, օրվա իշխանությունն արդեն լիարժեք հրաժարվել է Արցախի կարգավիճակի հարցը ժողովրդի ինքնորոշման իրավունքով որոշելու պահանջից և առանց տողատակերի՝ ուղիղ խոսում է Արցախն ադրբեջանի կազմում լինելու հնարավորության մասին, այսինքն՝ հնարավորությունը, որ Արցախի ժողովուրդը չի կարողանա գոյատևել։

Սա է մեր իրականությունը։ Ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երեք ամսում կվերադարձնի հայ ռազմագերիներին, իսկ դրանից մեկ տարի անց հայ ռազմագերիների թիվը կեղծիքով կրճատված է ներկայացնում սեփական (չէ, սեփականը չի) հանրությանը»։

 
Աղբյուրը` Արսեն Բաբայան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.