Բաժին : Սպորտ/Life
Կառավարությունը 22,315 հազար դրամ կհատկացնի Երևանի շախմատի ֆեդերացիային
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 22,315 հազար դրամ կհատկացվի «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ․Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է ՀՀ կառավարության՝ հունիսի 2-ի նիստի ընթացքում: Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լայն հնարավորություններ երիտասարդ և խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռք բերման ու մասնագիտական աճի համար։
Ըստ հիմնավորման՝ 2022 թ․նախատեսում է թվով երեք միջազգային մրցաշարերի կազմակերպում և անցկացում՝«Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշար, «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։ Հոկտեմբերին նախատեսվող «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն շուրջ 14 երկրից ավելի քան 310 մասնակից, մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14,000 հազար դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին կանցկացվի «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 10 շախմատիստ՝ 6-ը Հայաստանից և 4-ը արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,550 հազար դրամ: Մրցաշարի ընդհանուր ծախսը կազմելու է 4,539․5 հազար դրամ։ Դեկտեմբերին նախատեսվող «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ին մասնակցելու են 5 պատանի շախմատիստ՝ 2006 թ․ հետո ծնված, ինչպես նաև 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,350 հազար դրամ։ Մրցաշարի ընդհանուր ծախսը կկազմի 3,775․5 հազար դրամ։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերն իրականացնելու նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացի ապահովում: Ըստ հիմնավորման, 2022 թ. մայիսի 2-ի դրությամբ ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 810 շահառու, որից 126-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (105,072,344 դրամ), 226-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (11,959,980 դրամ), 458-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (455,208,895 դրամ)։ Արդյունքում 2022 թ. պետբյուջեով առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցների (600 մլն դրամ) մնացորդը մայիսի 2-ի դրությամբ կազմել է 27,8 մլն դրամ։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2022 թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճ է արձանագրվել:
«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն»,- ասել է նախարարը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և նշել. «Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի ձեռք բերման աջակցության ծրագիրն ընդունել ենք 2020 թ. հուլիսին, և հիմա մի իրավիճակի առաջ ենք կանգնած, երբ բյուջեով ի սկզբանե նախատեսված միջոցները չեն բավականացնում»:
Վարչապետը միաժամանակ ընդգծել է ծրագրի վերաբերյալ պատշաճ իրազեկման կարևորությունը:
«Կարծում եմ՝ ծրագրի վերաբերյալ դեռևս շարունակաբար իրազեկման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Մենք դրա մասին խոսել ենք, ես հանձնարարել եմ. մեր բոլոր ծրագրերը՝ սկսած գյուղատնտեսությունից, բիզնեսի աջակցման, սոցիալական, պետք է լայնորեն իրազեկվեն: Ծրագրերն իրականում բարդ են դրանց բոլոր նրբությունները պետք է մանրամասն ներկայացվեն:
Այդ համատեքստում ուզում եմ նորից հիշեցնել, թե ինչի մասին է ծրագիրը. կառավարությունը որոշել է աջակցություն ցույց տալ երեխա ունեցող ընտանիքներին: Ընդ որում, այս ծրագիրը որևէ ձևով չի ազդում իրականացվող այլ ծրագրերի վրա: Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մենք ամսական 50 հազար դրամի աջակցություն տրամադրելու որոշում ընդունել ենք, այս տարվանից մեկնարկում է, մարդիկ կարող են նաև այս ծրագրից օգտվել: Այսինքն՝ բոլոր ծրագրերը, որոնք ընդունվում են, առանձին-առանձին գոյություն ունեն և մեկը մյուսի վրա նեգատիվ ազդեցություն չի ունենում: Ընդհակառակը, ունենում են պոզիտիվ ազդեցություն այն առումով, որ փողն ավելի շատ է, աջակցությունն ավելի շատ է»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքացին ծրագրերից օգտվելու համար պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն, որից հետո կառավարությունը ստանում է հաշվետվությունները և համապատասխան հաշիվներով վճարում է: Մասնավորապես, առաջին ծրագիրը վերաբերում է մարզերին. աջակցություն է տրամադրվում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն առնվազն երկու անչափահաս երեխա: Աջակցությունը հետևյալն է՝ երկու անչափահաս երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ, երեքի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ, 4 և ավելիի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Հաջորդ ծրագիրը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր ունեն հիփոթեքային վարկ, և նրանց ընտանիքում ծնվում է երեխա: Այս պարագայում կառավարությունն աջակցում է հետևյալ կերպ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մինչև 500 հազար դրամ, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը՝ մինչև 1,5 մլն դրամ։ Երրորդ և հաջորդ երեխայի դեպքում պետությունը հիփոթեքային վարկի մայր գումարից մարում է մինչև 2 մլն դրամ, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը՝ մինչև 4 մլն դրամ: