«Սասնա Ծռեր» խմբի գործով հաջորդ նիստը նախատեսված է ապրիլի 15-ին

2016 թվականին Պարեկապահակակետային ծառայության գնդի շենքը գրավելու գործով մեղադրյալներ, «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամների գործով նիստերը հետաձգվել են և կայանալիք նիստը նշանակված է ապրիլի 15-ին։

Խմբից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը դեռևս կալանքի տակ են։

«Նիստը հետաձգվել է արտակարգ դրություն հայտարարվելուց հետո։ Կարծեմ՝ մյուս նիստը նշանակված է ամսի 15-ին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։

Սմբատ Բարսեղյանը, ըստ Եգորյանի, դեռ կալանքի տակ է։ Հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսի կապակցությամբ Բարսեղյանին կալանքից ազատ

արձակելու միջնորդություն ներկայացվել է, պատասխանեց, որ այս պահին ոչ․ «Դեռ քննարկում ենք»։

Արմեն Բիլյանի շահերի պաշտպան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը նույնպես հաստատեց, որ նիստերը հետաձգվել են․ «Մինչև ապրիլի 15, իսկ հետո արդեն չգիտեմ ամսի 15-ին կլինի, թե ոչ։ Ապրիլի 15-ին նիստ է նշանակված»։

Արմեն Բիլյանի առողջական վիճակի մասով փաստաբանն ասաց, որ այդքան լավ չէ, բայց կայուն է։

Հարցին՝ միջորդություն ներկայացվե՞լ է

կալանքից ազատ արձակման համար, պատասխանեց, որ  արտակարգ դրությանը զուգահեռ ժամանակահատվածում միջնորդություն չի ներկայացվել։

Փոստանջյանը հիշեցրեց, որ դեռևս ապրիլի 5-ին է բաց նամակ հղել  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ընդհանուր առմամբ բոլոր կալանավորների վերաբերյալ։

«Որովհետև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի (CPT) կողմից նաև հատուկ սզբունքներ կան, որտեղ խրախուսվում է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելը և նաև

այլընտրանքային ձևերը կիրառելը․ պայմանական վաղաժամկետ ազատելը, տարբեր գործիքակազմեր կան»,- ընդգծեց Փոստանջյանը։

Ըստ նրա՝ իսկ թե ինչ կլինի՝ պարզ կդառնա այս ընթացքում, իսկ Բիլյանի մասով նորից միջնորդություն կարվի, եթե նիստը կայանա։ Ինչ վերաբերում է, թե ում է կարելի նախնական կալանքից ազատ արձակել, փաստաբանը նշեց, որ կալանավորվածների 90 տոկոսին կարելի է, և շատ բացառիկ դեպքեր կան, որոնց դեպքում կարելի է չանել։

«Առանց այդ էլ արտակարգ դրության պայմաններում, երբ պետական սահմանները փակ են, մարդիկ չեն էլ

կարող գնալ երկրից։ Եվ պետության համար կալանքի տակ պահելը լրացուցիչ բեռ է, և բոլորը ռիսկային գոտում են։ Կալանավայրերում սնունդն այն մակարդակի չէ, որ մարդկանց իմունային համակարգը բարձր պահի, ո՛չ հիգիենիայի պարգարաները, ո՛չ քրեակատարողական հիմնարկները լավ վիճակում չեն։ Մի քանի հազար մարդ շփում ունեն շուրջ 5 հազար նախնական կալանավորվածների և դատապարտյալների հետ, իսկ կորոնավիրուսը շատ արագ է տարածվում։ Եթե կալանավայրերում վիրուսը տարածվի՝ դրա տակից արդեն չենք կարող դուրս գալ»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.