Ռուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի տեսնում որևէ նշան առ այն, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

Այդպիսով նա մեկնաբանել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով ՌԴ Գլխավոր շտաբի կողմից ծրագրված զորավարժությունները։

«Մենք պատճառ չենք տեսնում մեր միջուկային ուժերի տեղակայումը կարգավորելու համար: Մենք որևէ նշան չենք տեսել, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք կիրառել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սինգհը:

Միևնույն ժամանակ նա, ինչպես մայիսի 6-ին Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էր ասել, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառումը փորձարկելու զորավարժություններ անցկացնելու որոշումը համարում է «միանգամայն անպատասխանատու»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, սկսել է առաջիկայում Հարավային ռազմական օկրուգի և ռազմածովային ուժերի հրթիռային կազմավորումների զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլնի, մշակել «ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հարցեր»։ Զորավարժությունները կանցկացվեն՝ ի պատասխան «արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.