Ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով, հրահանգով ու որոշումով է սահմանագծում իրականացվում Տավուշում․ Արթուր Խաչատրյան

Այս պիլոտային սահամանազատումը, Հայաստանը մաս-մաս կտրելով թշնամուն տալու գործընթաց է, գործընթացն առանց իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխիւց և հիմա տեսնում ենք՝ Սյունիքում ինչ է կատարվում, ինչքանով է դժվարացել, հաղորդակցությունն Իրանի և աշխարհի հետ, նույնը հիմա կատարվում է Տավուշում։ Այս մասին ԱԺ ամբինից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

«Դա կանխելու համար փորձ արեցինք, որ Աժ-ն ընդունի հայտարարություն, որով կկանոնակարգվի այն գործընթացը, որ այսօրվա իշխանությունները ոգևորության պահին կոչում են սահմանազատում։ Առաջարկեցինք իրավական բազա, առաջնորդվել իրավական փաստաթղթերով, լավագույն փորձով, ի վերջո անել այն, ինչ կառավարությունը խոստացավ, բայց հերթական անգամ դրժեց իր խոստումը»,- ասաց Խաչատրյանը։

 

Նա մեջբերեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը․ «Մենք 1-ին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, երբ սա ավարտենք երկու երկրներն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ»։

 

Խաչատրյանը նշեց, որ Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը, որևէ օրենքի նախագիծ չի ներկայացվել, որով կկանոնակարգվի այս գործընթացը։ Նա նշեց, որ փորձել են այդ բացը լրացնել, սակայն որևէ բան չի կատարվում։

«Այսօր կառավարությունը մի բան էլ առաջ է գնացել, սահամանզատումից անդին սահմանագծում է իրականացնում։ Փաստացի այնտեղ ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով, հրահանգով ու որոշումով է դա եղել»,- ասաց նա։

Բացի այդ Խաչատրյանը նշեց, որ իրենց ներկայացրած հայտարարության մեջ կա մի սկզբունքային կետ, որից իշխանությունը խուսափում է, ինչպես ժանտախտից․ «Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնտուրների որոշումը որևէ կերպ չի կարող ազդել Արցախի Հանրապետության և արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը սահմանազատման վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել հանձնաժողով, որը, սակայն, մերժվել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.