«Գնացեք սահմանների հարցերը լուծեք, ոչ թե մեր», «Ապրանքների առգրավումը շարունակական է լինելու»․ պայքար փողոցային առևտրի դեմ, ի՞նչ են հակադարձում առևտրականները

Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ Երևանի փողոցներում այս պահին առգրավում են փողոցային առևտրով զբաղվող մարդկանց ապրանքները։

 

Լրագրողների հետ զրույցում առևտրականներից մեկը հայտարարեց․

 

«Ինչո՞վ ապրեմ։ 30 տարի իրավունք կար, հիմա չկա՞։ Աստված ձեզ հետ, չկա չկա, մենք էլ կթողնենք էս երկրից կգնանք, գնացեք սահմանների հարցերը հարցը լուծեք, ոչ թե փողոցային առևտրով զբաղվողների»։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ առգրավումները պետք է շարունակական բնույթ կրեն և դրա արդյունքում դեպքերը կքչանան և հնարավոր է՝ նաև ավարտվեն։

«Օրենքն արգելում է փողոցային առևտուրը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է՝ փողոցային առևտուրն արգելված է և ապրանքն էլ առգրավվում է։ Ապրանքը տարվում է հատուկ վայր և պահվում է, եթե փչանում է, թափվում է»,- ասաց նա։

Արամ Գյուլզադյանն ասաց, որ իրենց բազմիցս զգուշացվել է, որ չի թույլատրվում փողոցային առևտուրը Երևան քաղաքում, արգելված է։ Այդ հորդորները, զգուշացումները չեն լսում և շարունակում են առևտուր իրականացնել։

Հարցին՝ դուք պարբերաբար տուգանում եք, ապրանքն առգրավում եք, բայց պատկերը նորից կրկնվում է, չե՞ք կարծում, որ այլ գործիքակազմ է պետք մշակել, նա պատասխանեց․

«Օրենքն այդպես է նախատեսում, միջոցառումները շարունակական են լինելու համոզված եղեք, որ արդյունքը նկատելի կլինի։ Մենք իրենց առաջարկել ենք հատուկ շուկաներում իրականացնել առևտուրը։ Թվով 26 շուկայի մասին է խոսքը, որ իրենք իրենց գործունեությունն իրականացնեն այնտեղ, բայց այս պայամաններն իրենք ավելի նպատակահարմար են գտնում, խնդրում  և հորդորում ենք, որ գնան այդ շուկաները»,- ասաց Գյուլզադյանը։

Առևտրականներն էլ հակադարձում են, թե շուկայում առևտուր չկա, չենք կարողանում առևտուր անել, այնտեղ ամեն մեկն իր հաճախորդն ունի․

«Վարձավճարի հարց չէ, առևտուր չկա։ Անցած տարի 2 անգամ առգրավել են ապրանքս ու չեն վերադարձրել, մի հատ էլ 105 հազար դրամ անցած տարվանից հարկադիրում տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու, հիմա էլ կտուգանեն, բա ի՞նչ կանեն։ Պետք է երկրից թողնեմ գնամ իմ ընտանիքով, 2 տղա եմ մեծացրել ուղարկել բանակ, հիմա չեն թողնում ապրեմ»,- ասաց նրանցից մեկը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.