Անհրաժեշտություն չեմ տեսնում Ցեղասպանության զոհերի անուն ազգանունները պարզելու, բայց դա թող հայ մասնագետներն ասեն․ Ռուստամ Բաքոյան

Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն ազգանունները պետք է պարզել, ես դրա մասին տեղեկություն չունեմ, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին և մասնագետներին։

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է պարզել 1,5 մլն ցեղասպանված հայերի անուն ազգանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել։

 

Հարցին՝ ինչու է նման թեժությամբ այդ հարցը քննարկվում, նա պատասխանեց․

 

«Ես կարծում եմ՝ այդ թեժության իմաստը չկա, որովհետև առնվազն իշխանության կողմից գործընթաց և որևէ պրոցես չկա, եթե առանձին մեր գործընկերներ խոսել են դրա մասին ես դրանից տեղյակ չեմ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն է որոշել, նա նշեց, որ պաշտոնապես ասում է՝ քաղաքական որևէ որոշում չկա և վարչապետի նման որոշում կամ դրա մասին խոսակցություն չկա:

Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ նման թեմա քննարկելուն՝ պատգամավորը նշեց․

«Եթե նույն տրամաբանությամբ գնանք, պետք է ասենք՝ այս նախաձեռնությունը ինչո՞ւ ապրիլի 24-ից առաջ տեղի ունեցավ, վստահ կարող եմ ասել՝ բազմաթիվ նման հարցեր ու հարցադրումներ կարող են լինել և կապ չունեն ապրիլի 24-ի հետ»։

Հարցին՝ հնարավո՞ր է պարզել 1,5 մլն հայի անուն-ազգանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նա ասաց, որ պատմաբան չէ և կարծում է՝ ցանկացած հարց այդ տիրույթում գտնվող մասնագետների շրջանակի, ինստիտուտների հետ պետք է քննարկվի։

«Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում, ես դրա մասին տեղեկություններ չունեմ, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին և այն ինստիտուտներին, որոնք գործում են, ես կարող եմ խոսել եզդիների ցեղասպանության մասին»,- հայտարարեց նա։

Հարցին՝ միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա երբ մենք ասում ենք՝ պետք է հաշվենք, հասկանանք դրա թիվը քի՞չ է, թե՞ ավելի, սա ի՞նչ է նշանակում, նրանց ջրաղացին ջուր լցնել չէ՞, նա ասաց․

«Որևէ մեկը որևէ պրոցես կասկածի տակ չի դնում, խնդրում և հորդորում եմ այդ թեզերից հեռու մնանք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.