Կոբախիձեն հայտարարել է՝ աջակցել են խաղաղությանը, Ալիևը նշել՝ «վերականգնեցինք ինքնիշխանությունը»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ՝ նշելով, թե քննարկել են տարածաշրջանային զարգացումները։

 

Կոբախիձեն հայտարարել է, թե Վրաստանը միշտ փորձել է առավելագույն ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար․ «Մենք կշարունակենք մեր գործունեությունը նաև ապագայում։ Կան մի շարք նախագծեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Մենք ապագայի համար շատ մեծ ծրագրեր ունենք», - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Ալիևն էլ իր հերթին նշել է, թե Ադրբեջանը նույնպես «միշտ հանդես է եկել հայտարարություններով՝ հօգուտ տարածաշրջանում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության»․ «Ոչ մի երկրի ինքնիշխան տարածք չի կարող ուժով փոխվել. միջազգային իրավունքը պետք է լինի յուրաքանչյուր երկրի հիմքը, և խտրականություն չի կարող լինել։

Ադրբեջանը, որպես իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնած երկիր, լավ գիտի, որ միջազգային իրավունքը որոշ դեպքերում վերականգնվում է ուժի կիրառմամբ։ Այս ճանապարհը նույնպես լիովին օրինական է։ ՄԱԿ-ի կանոնադրությունը ճանաչում է յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանության իրավունքը, և Ադրբեջանը, օգտվելով այդ իրավունքից, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.