Կառավարության թանկարժեք «նվերը»՝ Անի ԲԲԸ–ին․ կոռուպցիո՞ն բուրգ, թե՞ ապօրինի հարստացողներ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից դրա ձևավորումից մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում դատարան է ներկայացվել 98 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1075 անշարժ և 215 շարժական գույք, 280 իրավաբանական անձանց մասնակցություն: Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը գերազանցում է 512 միլիարդ ՀՀ դրամը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, մինչև հանրությանը ոչ այդքան հայտնի դեմքեր՝ ըստ դատախազության ապօրինի են հարստացել։

Սակայն, պարզվում է, որ հենց հանրությանը ոչ այդքան հայտնի դեմքերի հետ է նաև առնչվում հանրությանը առավել հետաքրքրող՝ կարևոր ու կենսական նշանակության ունեցող գույքերի ապօրինի ձեռք բերմանը վերաբերող դատական հայցադիմումները։ Ախուրյան գետի պետական նշնակության Աջափնյա ոռոգման ջրանցքի շահառուների պնդմամբ՝ դեռևս 2004-2005թ-ից է սկսվել այդ ջրանցքի ձևափոխումների նպատակով կատարվող շինարարական աշխատանքները։ 2009-2010թթ-ից սկսած՝ ոռոգման ջրանցքի թունելի և ջրանցքի այլ կառույցների միջոցով (մոտ՝ 6 կմ երկարությամբ ջրանցքը) տարվա բոլոր ամիսներին ջուր է սպասարկվել «Անի» ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող հիդրոէլեկտրակայանին (ՀԷԿ)։ «Անի» ԲԲԸ-ի սեփականատերը Շիրակի մարզի բնակիչ Գևորգ Մանուկյանն է։ Այս անունը ընթերցողներին քիչ բան է ասում, բայց Մանուկյանն առավել հայտնի է, որպես «Անի» ԲԲԸ սեփականատեր։ Եթե Մանուկյան Գևորգը հանրությանը քիչ հայտնի է, ապա նույնը չի կարելի ասել սեփականատիրոջ որդու մասին՝ Մեսրոպ Մանուկյանի մասին։ Վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն էր խորհրդարանում, հիմա՝ Թևանյանի ձեռամբ ստեղծված «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ։ 

 
 

Irakanum.am–ի տրամադրության տակ են հայտնվել մի շարք փաստաթղթեր, որոնք՝ նախ գնահատողական դիտարկմամբ անհասկանալի և անբացատրելի են և մեղմ ասած փաստում են, որ ՀԷԿ–ի շահագորման հիմքում օրենքին հակասող էական խնդիրներ կան, որոնք պետական կառույցները կամ չտեսնելու են տվել, կամ միտումնավոր անգործություն են դրսևորել։ Այսպես՝ 2017 թվականի ապրիլի 13-ի ՀՀ կառավարությունն որոշման հիման վրա, Աջափնյա ջրանցքի այդ մոտ 6 կմ երկարությամբ հատվածի կառույցները և այդ կառույցների տակ գտնվող հողամասերը՝ այդ թվում թունելը օտարվել է «ԱՆԻ» ԲԲԸ-ին՝ ընդամենը 23 միլիոն ՀՀ դրամով։ Ջրանցքի շահառուների պարզաբանման համաձայն՝ 23 միլիոն ՀՀ դրամը, միայն, նշյալ կառույցների շարքում օտարված մոտ 2000 մետր ընդհանուր երկարությամբ՝ բետոնյա պատվանդանների վրա մոնտաժված, մետաղական խողովակների (դյուկեր)՝ մոտ 10 %-ի արժեքն է։ Սա նշանակում է, որ մետաղական խողովակների 90%-ը և մոտ 2500 մետր երկարությամբ թունելը և ջրանցքի մյուս մասերը կառավարությունը «նվիրել է» «Անի» ԲԲԸ-ին։ Կարծում ենք, այստեղ անհամեմատ ավելի կարևոր է այն իրողությունը, որ կառավարությունը օտարել է օրենքով չմասնավորեցվող գույքեր և դրանց տակ գտնվող հողամասեր։ Մասնավորապես Ջրի ազգային ծրագրի մասին օրենքի 14–րդ հոդվածը սահմանում է, որ պետական նշանակության ջրային համակարգերը և ցանկը, որոնց թվում են՝ հիդրոտեխնիկական թունելներն ու ոռոգման ջրանցքները, ջրանցույցները, դյուկերները։

ՀՀ ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված է պետական նշանակության ջրային համակարգերի մասնավորեցման արգելանքը։ Սա դեռ ամենը չէ։ Օրենքով չմասնավորեցվող գույքերի՝ թունելի, դյուկերի մյուս ջրանցքների տակ գտնվող հողերի մասով՝ ՀՀ հողային օրենսգրքով սահմանվում է.

Հոդված 60. Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` 11) ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարային և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերի, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են.

Փաստացի, ՀՀ կառավարության 2017թ-ի որոշմամբ «Անի» ԲԲԸ-ին օտարված պետական նշանակության գույքերը և հողամասերը՝ օրենքի պահանջով, օտարման ենթական չեն եղել։ Սովորոբար, նման ապօրինությունների կատարման դեպքերում՝ ձեռնարկող և կատարող պաշտոնատար անձինք՝ շրջանառվող փաստաղթերում, առավել ևս դրանց նկատմամբ իրավունքը հաստատող վկայականներում հրապարակավ չեն ներկայացնում այդ անշարժ գույքերի իրական նշանակությունները՝ դրանք «փաթեթավորելով» այլ ֆունկցիոնալ բնորոշումներում։ Սակայն ՀՀ կառավարության այս որոշման մեջ արձանագրվել է, որ օտարվում է ոռոգման ջրանցքներ և թունել, այն դեպքում երբ ՀՀ օրենքով բոլոր տեսակի ոռոգման համակարգերը ուրիշ նպատակներով օգտագրծելը՝ ավելին, այդ գույքերը օտարելը արգելվում է։(ՀՀ ջրային օրենսգիրք հ 61,1)։

Կատարված ապօրինությունների այսպես կոչված «թափանցիկությունն» ապահովելու՝ հրապարկավ ներկայացնելու հաջորդ քայլով՝ «Անի» ԲԲԸ ընկերությանը ՀՀ կատաստրի կոմիտեի կողմից 2017թ-ին տրված այդ գույքերի սեփականության վկայականներում՝ պարզ և բացահայտ ներկայացված է, որ հողերի նպատակային նշանակությունները- ջրային են, իսկ իրավունքը- սեփականություն։

Նույն կերպ՝ վկայկաններում արձանագրված է գույքի անվանումը-ջրանցք, թունել, իսկ իրավունքները- սեփականություն, Խոսքն այս փաստաթղթերի մասին է։ Առաջինում ընդհանրապես բացակայում է կադաստրային ծածկագիրը, մակերեսի չափն ու նպատակային նշանակությունը, չկա անգամ գործառնական նշանակությունը։ Հաջորդում արդեն՝ նշված է, որ գործառնական նշանակությունը ջրային է, սեփականությունն էլ գրանցված։ Իսկ ով է տնօրինում պետական նշանակության և պետական հատուկ նշանակության ջրանցքը։

Համաձայն Քաղաքացիական օրենսգքրի 163–րդ հոդվածի 1–ին մասի դրույթների՝ Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է։ Ուստի պետական նշանակության և պետական հատուկ նշանակության ջրանքցքների տնօրինման իրավունքի կրողը հանդիսանում է պետությունը։ Ձեզ ներկայացվող վկայականները՝ որտեղ բացահայտ ներկայացվում է ապօրինությունները՝ կադաստրի կոմիտեում տարբեր տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած(անանուն) անձանց հավաստումների համաձայն, և՛ հին և՛ նոր հայաստաններում տեսակով եզակի են և բացառություն։

Մնում է եզրահանգել, որ վկայկաններում օրենքի հակասությունների արձանագրումներով «ձեռնարկողները»՝ ՀԷԿ-ի աշխատանքի խնդիրներին առնչվող պետական մարմիններին, «հրահանգավորել են» առանց ընդդիմանալու հաշվի առնել «Անի» ԲԲԸ-ին տրված այդ սեփականության իրավունքների գոյությունը և տրամադրել ինչ-ինչ լրացուցիչ արտոնություններ։ Ովքեր են պատասխանատու տվյալ ողջ գործընթացի համար։ Ջրային կոմիտեից, մինչև Շրջակա միջավայրի նախարարություն ու Կադաստրի կոմիտեն։

Տարիներ շարունակ գործել է մի բուրգ, որը ջրի և պետական գույքի ապօրինի օգտագործման արդյունքում բավականին հարստացել է, այդ ճանապարհին առաջացնելով բնապահպանական և կենսաապահովման լուրջ խնդիրներ, որոնց կանդրադառնանք հաջորդիվ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.