Ափսոս՝ ավելի շուտ չէր ասում, որ այդքան շատ է տենչում դահլիճում հիանալ Լավրովով. Զախարովան արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի բողոքին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անհիմն» է որակել Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի քննադատությունը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հասցեին։ Ավելի վաղ Բերբոկը քննադատել էր Լավրովի պահվածքը Սկոպյեում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Գերմանիայի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ իր ռուս գործընկերը Սկոպյեի միջոցառումների և նմանատիպ այլ ֆորումների ժամանակ դահլիճում հայտնվում է «միայն այն ժամանակ, երբ ինքն է խոսում, այլ ոչ թե ուրիշներին լսելու համար»։

Մարիա Զախարովան համակարծիք չէ Բերբոկի այս գնահատականների հետ։

«Չգիտես ինչու, մեկ տարի առաջ նրան չէր հետաքրքրում, որ Սերգեյ Լավրովն ընդհանրապես չհայտնվեց դահլիճում, քանի որ Լեհաստանի նախագահությունը հանդիպման հրավեր չէր ուղարկել Ռուսաստանին։ Ափսոս, որ նա ավելի շուտ չէր ասում, որ այդքան շատ է տենչում դահլիճում հիանալ Լավրովով։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ի երկրները, հասկանալով նրա տխրությունը, չէին խանգարի ռուսական պատվիրակության ժամանելուն միջազգային ֆորումներ»,- գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում։

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը (նոյեմբերի 30 - դեկտեմբերի 1) ընթանում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկում են  Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները, ինչպես նաև կազմակերպության հաջորդ նախագահի հարցը։ Սերգեյ Լավրովը նոյեմբերի 29-ին այցով ժամանել է Սկոպյե։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.