Նախատեսվում է, որ ԼՂ-ից տեղահանվածները հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կստանան դեկտեմբերին

Հայաստանում նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թոշակառուները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կկարողանան միասին ստանալ դեկտեմբերին:

 

Այս մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:  

 

Ներկայումս Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, նաև կենսաթոշակային ապահովության իրավունք, եթե բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջները:

 

Սակայն, նախարարի խոսքով, հաշվի առնելով բռնի տեղահանված հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները:

«Նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել ԼՂ տարածքում ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ կառավարության սահմանած կարգով: Կառավարությունը կսահմանի նաև ԼՂ տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները»,-ասաց Մկրտչյանը:

Հայաստանում կենսաթոշակ նշանակվում է անձամբ ներկայացված դիմումի հիման վրա: Հաշվի առնելով շահառուների մեծ թիվը՝ հնարավորություն կլինի կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ում նշանակված կենսաթոշակները օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու:

Նախագծով սահմանվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձինք, քրեակատարողական ծառայողները և դատական ակտերի հարկադիր կատարողներն օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թոշակները ստանալո՞ւ են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները:

«Կհամադրենք մեզ հասանելի բոլոր հնարավոր տվյալները, և, եթե կհասկանանք, որ իրենք ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, կշարունակեն ստանալ: Ես կարծում եմ, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներինը միասին վերահաշվարկած  դեկտեմբեր ամսին կկարողանան ստանալ»,-պատասխանեց նախարարը:

Այսպիսով՝ ըստ նրա՝ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները հնարավորություն կունենան իրենց կենսաթոշակները ստանալ:  «Մենք կփորձենք հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար վճարումներն իրականացնել»,-եզրափակեց Մկրտչյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.