Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մի քանի դեպք: Հայտնում են Ոստիկանությունից:

 

Նոյեմբերի 9-ին Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին նրանք կանգնեցրել են Նոր Կյանք գյուղի 29-ամյա մի բնակչի վարած «ՎԱԶ-21214»-ը: Վարորդը պարեկներին հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի, այնուհետև կասկածելի վարքագիծ է դրսևորել՝ գրպանից փայլաթիթեղի փաթեթ է հանել, ապա նորից դրել գրպանը: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված կար:

 

Նոյեմբերի 10-ին Ազատան գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Ծաղկուտ գյուղի 31-ամյա բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով ծխախոտի տուփ: Նա իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ պատրաստված վայրաճ բույսերից:

 

Շիրակի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 12-ի ժամը 10.20-ի սահմաններում Գյումրիի Ղանդիլյան փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 32-ամյա մի բնակչի:

Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված և կանեփի սերմեր: Տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է, իսկ սերմերը հավաքել է կանեփի վայրաճ բույսերից:

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական տեղեկությունը պարեկներն իրացրին նոյեմբերի 13-ի ժամը 22.30-ի սահմաններում: Նրանք Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում կանգնեցրել են Կուրղինյան փողոցի 33-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2114»-ը: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը և 27-ամյա ուղևորը, որը Գտաշեն գյուղի բնակիչ է, ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Մեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ և նույն զանգվածով լցված կաթուցիչ: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:

Նոյեմբերի 13-ին Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները կանգնեցրել են Վասիլյան փողոցի 19-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21213»-ը: Երիտասարդը պարեկներին հայտնել է, որ թմրանյութ ունի: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ մեքենան՝ պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Խուզարկությամբ գյումրեցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ պարեկները նոյեմբերի 14-ին Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել Գյումրիի Կուզնեցովի փողոցի 23-ամյա մի բնակչի:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է, որը գտել էր Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում և պահել էր անձամբ օգտագործելու համար:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.