«Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են դիմել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները՝ տեղեկացնելով իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

 

Պաշտպանի կողմից անմիջապես ձեռնարկվել են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում կազմակերպվել են նաև նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություններ:

 

Բացի այդ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պաշտպանի հանձնարարությամբ «Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Տաթևիկ Վիրաբյանի հետ:

 

Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց, Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են Տ. Վիրաբյանի առողջական վիճակին, ուսումնասիրել իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն:

Քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։

Տ. Վիրաբյանի առողջական վիճակը, նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է գտնվում նաև նրա փաստաբանների հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.