Հաջիևը պնդում է, որ Արցախից հեռանալը հայերի անձնական որոշումն է

«Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը. Ղարաբաղից հեռանալը բնակիչների անձնական և անհատական որոշումն է». Deutsche Welle-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28,120 անձ: Նրանցից 20,800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

3253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1305, Վայոց Ձոր՝ 700, Գեղարքունիք՝ 833, Տավուշ՝ 268, Արմավիր՝ 147 անձ:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.