Նախապես ասվել է, որ ՀՀ-ն 40.000 քաղաքացու կարող է ընդունել, միգուցե դա ճշգրտման կարիք ունի. Վարդան Սարգսյան

Երեկվանից Լաչինի միջանցքով ԼՂ-ից իրականացվում է քաղաքացիների տեղափոխում դեպի Հայաստան: Ժամը 12:00-ի դրությամբ արդեն իսկ հրապարակվել են տվյալները՝ 4850 քաղաքացի արդեն անցել է սահմանը և գտնվում է Հայաստանում: Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում իրականացվում է վերջիններիս դիմավորումը:

 

Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Վերջինս մանրամասնեց, որ գործում է նաև քաղաքացիներին առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար կետ, հոգեբանական աջակցություն է տրամադրվում քաղաքացիներին:

«24-ժամյա ռեժիմով բոլոր մարմիններն աշխատում են, կայանը աշխատում է, գործում է նաև Գորիսում գտնվող կոորդինացիոն կենտրոնը, որտեղ ուղարկվում են այն քաղաքացիները, որոնք ունեն օթևանի խնդիր. այնտեղ գրանցվելուց ու կարիքները գնահատելուց հետո վերջիններիս տրամադրվում է համապատասխան կեցավայր»,- փոխանցեց նա։

 

Վարդան Սարգսյանի տեղեկացմամբ՝ Գորիսի կոորդինացիոն կենտրոնը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք անօթևան են, կեցության խնդիր ունեն։

 

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչի խոսքով՝ կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում, միայն Սյունիքի մարզով չի սահմանափակվում։

«Կառավարության կողմից հայտարարվել էր, որ պատրաստ է աջակցություն հայտնել և ընդունել ԼՂ-ից տեղահանված ժողովրդին և այդ առումով կոնկրետ առանձին վերցրած ֆինանսակայն միջոցների կամ այլ դետալների մասով չեմ կարող ասել, բայց Կառավարությունը պատրաստակամության մասին հայտնել է: Եթե չեմ սխալվում, նախապես հնչել է 40 հազար թիվը, միգուցե, դա ճշգրտման կարիք ունի: Նախապես հայտարարված թվից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Սարգսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.