Հայ-իրանական հարաբերությունները կամրապնդվեն տարբեր ոլորտներում. ԿԳՄՍ նախարարը ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:

 

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

 

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-իրանական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այս ուղղությամբ նա հատկապես ընդգծել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2023-2027 տարիների համար» փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը ենթադրում է մի շարք համատեղ ծրագրեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում:

Նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին կարևորել է տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում պարսկերենի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում:

Կողմերն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության ոլորտում անելիքներին: Առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն նաև ճանապարհային քարտեզ՝ միջբուհական համագործակցությունը զարգացնելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրանցի գործընկերների կողմից ՀՀ բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագրի իրագործումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությունը՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում:

Հանդիպմանը անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.