Վերարտադրողական առողջության ծրագրի համար Կառավարությունը լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 սահմանամերձ բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։

 

Հաջորդ վերանայումը կապված է 44-օրյա պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը, ինչի շնորհիվ շատ ընտանիքներում նորից վառվեց լույսի և երջանկության ճրագը»,- ասաց Ավանեսյանը։

 

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ. ծրագրի շրջանակներում ծնված երեխաների թիվը կազմել է 31,6 տոկոս, ինչը բավարարում է միջին ցուցանիշներին զարգացած երկրներում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.