Դաշնակցական Սուրեն Մանուկյանը կմնա կալանավորված. դատարանը 3 ամսով երկարացրել է կալանքի ժամկետը

ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կմնա կալանավորված։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց՝ Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և ալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին։

 

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, այսօր կայացել է Խաչատուր Քոքոբելյանի հոր ենթադրյալ առևանգման վերաբերյալ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով նախնական դատալսումները։

 

Նշենք, որ դատավոր Սերժ Ռուշանյանը, որը դատավոր է նշանակվել օրերս, գործով երրորդ դատավորն է. Սամվել Մարդանյանն ինքնաբացարկ էր հայտնել, իսկ դատավոր Նարեկ Բադալյանը գտնվում էր անաշխատունակության մեջ, ըստ այդմ, գործը վերաբաշխվել է։ Նիստի մեկնարկին պաշտպանության կողմը հայտնեց, որ մեղադրյալներից մեկը չէր ստացել մեղադրական եզրակացությունը, սակայն, դատարանը, նկատի ունենալով, որ այլ կազմով նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալները նշել էին, որ ստացել են մեղադրական եզրակացությունը, որոշեց չհետաձգել նիստը։

 

Հետաձգման հարց բարձրացվեց նաև՝ պայմանավորված մեղադրյալներից մեկի պաշտպանի բացակայությամբ, քննարկման առարկա դարձվեց հանրային պաշտպանի ներգրավման հարցը։ Ընդմիջման ժամանակ մեղադրյալի համար հանրային պաշտպան է ներգրավվել, որը խափանման միջոցի հարցի քննությանն այսօր պետք է մասնակցեր՝ 15 հատոր նյութին ծանոթանալու համար ունենալով ընդամենը րոպեներ։ Փաստացի ձևական կողմի ապահովմամբ դատարանն անցավ մեղադրյալների խափանման միջոցի հարցի քննությանը՝ անփոփոխ թողնելով մեղադրյալների նկատմամբ դեռևս նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։

Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե մեկ այլ գործով որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։

Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Մանուկյանի մեղադրանքը լրացվել է, այժմ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերի շորթումը:

Քրեական գործով Սուրեն Մանուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.