Շորթում, դատավորին արատավորող տեղեկություններ. նոր մեղադրանքներ՝ Վարդան Ղուկասյանին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականվամբ հայտնի Վ․Ղուկասյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության նոր դրվագներ և հանգամանքներ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

 

«Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար փաստեր՝ Վ․Ղուկասյանի կողմից «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի, ինչպես նաև երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար, իսկ գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչից 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

 

Պարզվել էր նաև, որ Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթների ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև «youtube» և «facebook» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ բռնությունը։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածաված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել նրա կողմից, խմբի կազմում, կատարված առերևույթ նույնաբնույթ հանցավոր այլ գործողությունների մասին փաստական տվյալներ ևս։

Մասնավորապես, պարզվել է, որ Վ․Ղուկասյանը «Youtube.com» կայքի իր անհատական էջով նույն դատավորի հասցեին 2021թ․ նոյեմբերի 29-ին և 2022թ․ մարտի 3-ին հրապարակված տեսաելույթների միջոցով հնչեցրել է վերջինիս աշխատանքային գործունեության հետ կապված վիրավորական արտահայտություններ։

Բացի այդ, Վ․Ղուկասյանը քրեական վարույթով մեղադրյալ՝ իր հետ համագործակցած, խմբի անդամ հանդիսացող երկու անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերաբերյալ, մի դեպքում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի, մեկ այլ դեպքում՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից կայացված, վարույթն իրականացնող մարմնի միջնորդութունները բավարարելու վերաբերյալ որոշումների առթիվ, հանձնարարել է իր հետ մտերիմ, տարբեր սոցիալական ցանցերում Վ․Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվների կառավարմամբ զբաղվող երկու անձանց ձեռք բերել այդ դատավորների, նրանց մերձավոր ազգականների լուսանկարները, մոնտաժելու միջոցով դրանց վրա կատարել անպարկեշտ գրառումներ: Վերջիններս կատարել են հանձնարարությունը և պատրաստված՝ մոնտաժված, անպարկեշտ, արատավորող գրառումներով լուսանկարներն ուղարկել են Վ.Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլինի և հունիսին սոցիալական ցանցերի իր էջերով, ուղիղ հեռարձակամամբ ցուցադրել է այդ լուսանկարները կամ հրապարակայնորեն դատավորի և նրա մերձավորների վերաբերյալ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ։

Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը մի դեպքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, իսկ մյուս դեպքում՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Ա․Գալստյանի, Կ․ և Լ․Ղուկասյանների հետ նախնական համաձայնությամբ, խմբերի կազմում, երկու տարբեր անձանց և նրանցից մեկի մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի միջոցով 2021թ․ դեկտեմբերին և 2022թ․ սեպտեմբերին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ:

Ըստ այդմ՝ 2021թ․ դեկտեմբերին ինքնությունը դեռևս չպարզված անձը, Վ.Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, նախապես ձեռք բերելով Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Վ․Ա․-ի մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ վիճաբանության միջադեպի վերաբերյալ տեսագրություն, 2021թ․ դեկտեմբերին արտասահմանյան հեռախոսահամարներից հեռախոսակապ է հաստատել Վ․Ա․-ի հետ։ Հետագայում՝ 2022թ․ մայիսին, նույն հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածին ուղարկված հաղորդագրությունների միջոցով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի անունից Վ․Ա․-ի օգնականին այդ անձը ներկայացրել է 138.000.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլար Վ․Ա․-ի կողմից իրենց հանձնելու, այսինքն՝ իր կողմից ուղարկված էլեկտրոնային դրամապանակին երեք օրը մեկ հիշյալ գումարը մաս-մաս փոխանցելու պահանջ։ Հակառակ դեպքում նա սպառնացել է իրենց կողմից համացանցի տիրույթում հրապարակել Վ․Ա․-ի մասին արատավորող, նրա իրավունքներին և օրինական շահերին վնասող տեղեկություններ: Մերժում ստանալուց հետո, Վ․Ղուկասյանն իրագործել է իր և ինքնությունը չպարզված անձի կողմից տրված սպառնալիքները և 2022թ․ հուլիսին սոցցանցի իր անհատական էջով հրապարակել տեսանյութը՝ տուժողի հասցեին գործածելով վիրավորական, արատավորող արտահայտություններ:

Մյուս դեպքում Վ․Ղուկասյանը, Ա․Գալստյանի, քույրեր Կ․ և Լ․Ղուկասյանների հետ խմբի կազմում, 2022թ․ աշնանը ծրագրել և իրականացրել են քաղաքացի Շ․Բ․-ից նրա և նրա ընտանիքի անդամների մասին արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով Կ․Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-4 բնակարան գնելու պահանջ ներկայացնելու, մերժում ստանալուց հետո Վ․Ղուկասյանի կողմից սոցցանցային էջերի միջոցով նման տեղեկություններ հրապարակելու, բանակցություններից հետո 100․000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տրամադրման շուրջ համաձայնություն ձեռք բերելու հանցավոր գործընթացը։ Այս դրվագի մասին ՀՀ քննչական կոմիտեն մանրամասն տեղեկատվություն հրապարակել էր ավելի վաղ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու դրվագ/, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով / չորս դրվագ/, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 490-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/:

Վ․Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը, և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում։

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.