Մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա․ Փաշինյանը հանձնարարականներ տվեց

Հայաստանի մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա։

 

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մեր մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա, որտեղ մարդիկ կկարողանան այցելել և մարզվել։ Վայոց ձոր և Բերդ խոշորացված համայնք իմ կատարած այցի ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք և արդեն հանձնարարել եմ  Վայոց ձորում (Եղեգնաձորում և Վայքում),  Բերդ խոշորացված համայնքում մարզական կենտրոններ ստեղծել, որտեղ պարտադիր պետք է լինի լողավազան, որը նախատեսված կլինի և’ փոքրերի, և’ մեծերի համար։

 

Ընդ որում, հետագա կառավարման հետ կապված էլ ևս որոշակի պատկերացումներ ունենք, թե ինչպես այդ ամենը պետք է կազմակերպվի։ Մենք պետք է բանակցենք այդ ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալող ֆիտնես ընկերությունների հետ և մտածում ենք, որ  պետական ենթակառուցվածքը ստեղծելուց հետո կարող ենք դա հանձնել պրոֆեսիոնալ ընկերություններին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կրթահամալիրների կառուցման տրամաբանությամբ անհրաժեշտ է նաև մարզական կենտրոններ ստեղծելու նախագծեր մշակել։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր հերթին հայտնեց, որ վարչապետի հանձնարարականը մարզական կենտրոններ ստեղծելու մասով ընթացքի մեջ է, և արդեն մասնագիտական քննարկում են ունեցել, թե տիպային մարզական համալիրը ինչ բաղադրիչներ պետք է ունենա։

«Քաղաքաշինության կոմիտեի մեր գործընկերների հետ արդեն նախագծման աշխատանք ենք տանում։ Սա նաև սպորտի ռազմավարության մաս է, որն արդեն շրջանառվում է, և այն առաջիկայում կներկայացնենք Կառավարության քննարկմանը։ Այդ ռազմավարության մեջ սպորտային որոշ ենթակառուցվածքներ կապել ենք հենց կրթական համալիրի տրամաբանությանը։ Օրինակ՝ ֆուտբոլի դաշտերը կլինեն հենց կրթահամալիրների մոտ»,- ասաց Անդրեասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.