Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Կրկին թշնամի է անվանել հայերին․ Ալիևը Լաչինում է
«Եվ դուք, և ողջ ադրբեջանական ժողովուրդը, և ամբողջ համաշխարհային հանրությունը լավ գիտեիք և գիտեք, որ Հայաստանն իր կամքով չէր ուզում հեռանալ մեր հողերից»։
Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված հայկական Բերձորի (Լաչին - խմբ․) շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, «Հայաստանը, զուտ արտաքին լսարանի համար, միջազգային միջնորդներին խաբելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու համար, հայտարարել է հինգ շրջան վերադարձնելու իր պատրաստակամության մասին և առաջարկել, որ Լաչինն ու Քալբաջարը (հայկական անվանումը՝ Քարվաճառ-խմբ․) հավերժ մնան իրենց մոտ։
«Մենք երբեք չէինք կարող համաձայնել սրան։ Ես միշտ ասել եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնվի։ Այսօր հաղթանակած ադրբեջանական բանակի սխրանքների շնորհիվ մենք հասել ենք դրան։ Մենք մարտի դաշտում հաղթեցինք թշնամուն»,- ասել է Ալիևը։
Նա նաև նշել է, որ Բերձորում հաստատվել են առաջին 20 ընտանիքները, իսկ առաջին փուլում շրջանում, այդ թվում օկուպացված Աղավնո և Սոս գյուղերում կբնակեցվի 4000 և ավելի ադրբեջանցի։