Չինաստանը ցանկանում է, որ Ուկրաինայում հրադադար լինի, իսկ Ռուսաստանն էլ պահպանի իր կազմ ընդգրկված նոր տարածքները. The Wall Street Journal

Չինաստանի ներկայացուցիչ Լի Հուին, որը զբաղվում է ուկրաինական հակամարտության կարգավորմամբ, կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում՝ Ռուսաստանի կազմում սեպտեմբերին ընդգրկված նոր տարածքների պահպանմամբ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին, որոնք Լիի եվրոպական շրջագայության ժամանակ զրուցել են նրա հետ։ 

Բանակցությունների ընթացքում Լի Հուին «հստակ ազդանշան է տվել», որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է անհապաղ հրադադարի կոչ անեն՝  ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը՝ ՌԴ-ի կազմում մնալու պայմանով:

Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ն իր զրուցակիցներից ստույգ մեջբերումներ չի ներկայացնում։

Արևմտյան պաշտոնյաները The Wall Street Journal-ին հայտնել են, որ կասկածելի է, որ Չինաստանը կարող է «ազնիվ միջնորդ» լինել ցանկացած բանակցություններում՝ Մոսկվային մոտ լինելու պատճառով։ Նրանց կարծիքով՝ խաղաղություն հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը Ուկրաինայից։

«Մենք բացատրեցինք, որ հակամարտության սառեցումը չի բխում միջազգային հանրության շահերից, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը», - WSJ-ին ասել է Լի Հուի հետ բանակցություններին ներկա գտնվող անանուն դիվանագետը:

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում չինացի բանագնացին տեղեկացրել են, որ «անհնար է բաժանել Եվրոպան Ամերիկայից», և որ Եվրոպան չի դադարեցնի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Մեկ այլ դիվանագետ հրապարակմանը հայտնել է, որ չինական առաքելությունը կարող է «փորձել Արևմուտքի միասնությունը և փորձում է նախաձեռնություն ցուցաբերել»։ WSJ-ի մեկ այլ զրուցակցի խոսքով՝ բանակցություններում Չինաստանի հիմնական շահը համոզելն է, որ Ռուսաստանը չի պարտվում Ուկրաինայի հետ ռազմական հակամարտությունում և չի պատրաստվում միջուկային զենք կիրառել։

Եվրոպացի դիվանագետները WSJ-ին ասել են, որ Լի Հուի հետ իրենց բանակցությունների ընթացքում նրանք փորձել են երեք հիմնական մեսիջ փոխանցել նրան. Չինաստանը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ միջուկային զենք չօգտագործելու համար. Չինաստանը չպետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ռուսաստանին և պետք է «դատապարտի Մոսկվայի ռազմական ագրեսիան»։

Նրանք նաև խնդրել են չինական կողմին աջակցել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման միջազգային ջանքերին։

Ապրիլի 26-ին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որից հետո պայմանավորվել են Չինաստանի հատուկ բանագնաց ուղարկել Կիև՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցելու համար։ Ավելի ուշ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա լինելու է նախկին դեսպան Լի Հուին։ Լի Հուի շրջագայությունը սկսվել է մայիսի 16-ին։ Նա եղել է Ուկրաինայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում։ Ռուսաստանը նրա երթուղու վերջին ուղղությունն էր: Այսօր՝ մայիսի 26-ին, նա ժամանել է ՌԴ ԱԳՆ՝ ռուսական կողմի հետ բանակցությունների։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.