Էրիկ Իսրայելյանը չեղարկել է պայմանագիրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի ընկերության հետ

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է՝ չեղարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ պայմանագիրն ու հունիսի 1-ին կայանալիք մրցումների մասնակցությունը:

 

«Ինձ համար աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հարթակներից հայոց եռագույնը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելը մեծագույն պատիվ է և այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու պետությանը և իմ ծառայությունն այսպես կմատուցեմ իմ հայրենիքին»,- գրել է Իսրայելյանն ու անդրադարձել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ իր տարկետման դադարեցման նախագծին:

 

«Փետրվարի 4-ին կայացել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Ես չեմ մասնակցել նշված առաջնությանը՝ լուրջ վնասվածքի պատճառով, որի մասին նախապես տեղեկացրել եմ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, իսկ իմ անձնական մարզիչ Արմեն Հակոբյանը վնասվածքիս մասին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Բերված պատճառաբանությունը չի կարող հիմք հանդիսանալ ինձ տարկետումից զրկելու համար, քանի որ մրցաշարին չմասնակցելու պատճառը հարգելի է»,- գրել է Իսրայելյանը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի, առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Արամի Իսրայելյանին (ծնվ.` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 4-ի 01/256 գրությամբ դիմել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի ընդգրկվել ՀՀ բռնցքամարտի հավաքականների կազմում և անհրաժեշտ է դադարեցնել նրան տրամադրված տարկետումը:

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.