Աշխարհը խոսքով օգնում է հայերին,  իսկ գործով՝ Ադրբեջանին

Արդեն 54 օր է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի միջանցքը, պարբերաբար անջատվում է Հայաստանից Արցախին տրվող գազամատակարարումը, եւ Արցախի 120 հազարանոց բնակչությունը գտնվում է ադրբեջանցիների խստագույն շրջափակման մեջ: Սա շատ նման է չինական պատժին՝ այն իմաստով, որ շրջափակման առաջին օրերին դժվար չէր դիմակայելը, քանզի դեղորայք, սնունդ ու ամեն ինչ կար, եւ միայն օրեր անց է սկսում գլուխ բարձրացնել սովը, դեղորայքի եւ այլ ապրանքների պակասը եւ գնալով սրվում է։ Շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար աղետի վտանգն այնքան մեծ է, որ միջանցքի փակման սկզբից մի քանի օր հետո մերոնք դիմեցին բազմաթիվ երկրների իշխանություններին, միջազգային կառույցներին եւ միջազգային դատական ատյաններին, որ միջամտեն այս խնդրին։ Բայց նրանց կողմից բարձրաձայնումը 51 օր շարունակ որեւէ պրակտիկ արդյունք չի տվել, եւ սայլը տեղից չի շարժվել: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռից հետո անգամ Ադրբեջանը, հավանաբար, դարձյալ ոչ մի ետքայլ չի անելու՝ արհամարհելով միջազգային հանրությանը եւ ի լուր աշխարհի հայտարարելով, որ սա իր ներքին հարցն է՝ ինչ ու ինչպես ուզեմ, այնպես էլ կանեմ: 


Այս պահի դրությամբ հարցն առկախված է, ու անցնող ամեն վայրկյանը հղի է տարաբնույթ անկանխատեսելի հետեւանքներով: Այսինքն, հարցի լուծումը դեմ է առել պատին, եւ անորոշ վիճակը շարունակվում է: Ստեղծված ծայրահեղ վիճակը երկու ելք է ենթադրում. կա՛մ պետք է ժողովուրդը լքի Արցախը, կա՛մ պետք է մնա ու կոտորվի: Այս անորոշ վիճակն ուղղակի սպանիչ է, եւ կոնկրետ քայլ, հանգուցալուծում չի երեւում, եւ այն ի վնաս Արցախի է աշխատում: Փաստացի, ցուգցվանգային իրավիճակ է, եւ, ցավոք, միակ քայլը սպասելն է, որը շատ նման է ծանր հիվանդի՝ մահվանը սպասելուն: Այս իրավիճակում ամեն ինչ կախված է միջազգային հանրության վճռական քայլից՝ բժշկից, որն արագ՝ կա՛մ պետք է փրկի հիվանդին, կա՛մ նա կմեռնի... աշխարհի աչքի առջեւ։ Եվ այդ 120 հազար խաղաղ բնակչության միակ մեղքն այն է, որ ազգությամբ հայ են եւ ուզում են ապրել իրենց պատմական հայրենիքում...

Աստված մի արասցե, եթե իրականություն դառնա հենց այդ տարբերակը, աշխարհն ի՞նչ պատասխան ունի դրան։ Հավանաբար, կասի՝ չնայած գիտեի, որ նման բան է տեղի ունենալու, սակայն ես չէի կարող դրա դեմն առնել ու վտանգել իմ ստեղծած դեմոկրատիան։ Ես ամեն ինչ արեցի, որ կանխեի սպասվելիք եղեռնը, բայց իմ լծակները բավարար չէին...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.