Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թվականների ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

 

«Առաջիկա չորս տարիների ընթացքում հիմնական թիրախը կլինի աշխատանքի արտադրողականության խթանումը։ 2011-20 թվականների ընթացքում միջինում ավելի 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում։ Պետք է հաշվի առնել նաև, որ տասնամյակի սկզբում ոլորտի արտահանման ծավալները բավականին ցածր էին, և ունեինք բավականին ցածր բազա, ինչով պայմանավորված` տոկոսային աճը բավականին բարձր է եղել, բայց, այնուամենայնիվ, 2022 թվականին նկատել ենք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը և 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ։ Այս ամենը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար։ Հագուստի արտադրությունը 2020-22 թվականներին ապահովել է 11 հազար 500 աշխատատեղ, որոնցից 95 տոկոսը կանանց ներգրավվածությամբ»,- ասաց Գևորգյանը։

 

Նախարարի տեղակալը նշեց, որ ծրագրում հիմնականում նախանշվել է երեք առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրողական կարողությունների զարգացում, օպտիմալացում և արտահանման և վաճառքին միտված ծրագրեր։

 

«Այս երեք ուղղությունների համար նախատեսվում է տրամադրել 14 միլիարդ դրամ։ Մենք կարծում ենք, որ արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ և դրա արդյունքում կունենանք արտահանման ծավալների աճ ընդհուպ մինչև 500 միլիոն դոլարի»,- եզրափակեց Գևորգյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.