Շվեդիան թող զուր ժամանակ չվատնի, Անկարան չի հաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա հայտը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Ելույթ ունենալով խորհրդարանում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, նա ասել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Շվեդիան թող զուր ժամանակ չվատնի, քանի դեռ դուք (Շվեդիան) թույլ եք տալիս, որ մեր սուրբ գիրքը՝ Ղուրանը, այրեն, պատռեն, և այդ ամենի ֆոնին ձեր իրավապահներն անգործության են մատնված, մենք «այո» չենք ասի ձեր մուտքին ՆԱՏՕ։ Միաժամանակ մենք այս հարցում դրական ենք վերաբերվում Ֆինլանդիային»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Հելսինկին և Ստոկհոլմը մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին՝ արևմտյան ռազմական դաշինքին միանալու համար։ Սկանդինավյան երկու երկրների երկարամյա չեզոքության կարգավիճակից հրաժարվելու պատճառը, ինչպես հայտարարել են, անվտանգության հետ կապված աճող մտահոգություններն են, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։

 

Անկարան ի սկզբանե դեմ էր այդ երկրների անդամակցությանը՝ պնդելով, որ դրանք աջակցում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.