«Չենք խոսում՝ թուրքը չուրախանա, բայց պետք է արդեն խոսել». բանակի մասին թշնամուն ուրախացնող «Շիշ բռնողի» բացահայտումների և Պապիկյանի անուղղակի դիտողության մասին

Դեկտեմբերի 1-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ օրակարգում բանակում օրենսդրական բարեփոխումներն էին, մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Պաշտոնական հիմնավորմամբ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Այսինքն, առաջարկվում է գործող օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով:

Այս համատեքստում շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով կներդրվի «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև բանակում առկա խնդիրներին, որոնց մասին, ինչպես նշել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, անհրաժեշտ է խոսել:

«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց այդ խնդիրները կան: Եվ դրանց մասին, կարծում եմ, պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ, զանցանքներ կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ-ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ գնում են, բայց պետք է սրա մասին բարձրաձայնել և այս ամբիոնն օգտագործել»,- մանրամասնել էր Հայկ Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել էր, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել:

«Իհարկե, խնդիրներն ունենում են 2 մաս՝ հրապարակային և փակ: Պարոն Քոչարյանը կարող է նախաձեռնել փակ քննարկում, որին ես միշտ պատրաստակամ եմ գալ և պատասխանել ձեր հարցերին: Բանակը զերծ չէ խնդիրներից, այդ թվում՝ արատավոր երևույթներից: Օրենսդրական մի շարք նախաձեռնությունների կարիք կա, ոչ թե նրա համար, որ դրա աղբյուրը, օրրանը բանակն է, ամենևին: Բանակը հասարակության հայելին է, բաղկացուցիչը, և այն, ինչ բաց հասարակությունում թույլատրելի է, բանակում արգելված է: Պետք է դրանք սահմանափակենք, ընդհուպ՝ արմատախիլ անել: Քայլեր ձեռնարկում ենք, այդ թվում՝ սմարթֆոնների սահմանափակումը միտված է նրան, որ զինվորականը իր գործով զբաղվի՝ իր զորամասի, իր ծառայության շրջանակներում»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը:

Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարը իշխանական պատգամավորին հասկացրեց, որ իր թվարկած խնդիրները փակ քննարկման առարկա են, և դրանք չպետք է հրապարակավ մանրամասնել:

Այսինքն, մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում, և թուրքի ուրախանալու փաստը դեռ ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է: ՔՊ-ական պատգամավորը վնասում է բանակի հեղինակությանը և անվտանգությանը նույն այն հիմնավորմամբ, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «գաղտնիության էլեմենտներ կան, բայց հարկ եմ համարում հրապարակել», որից հետո բանակին վերաբերող պետական գաղտնիք պարունակող տվյալներ էր հրապարակել՝ պատերազմից առաջ և դրա ընթացքում:

Մյուս կողմից, ՔՊ-ական պատգամավորը սրանով արձանագրել է՝ Փաշինյանի բանակում արատավոր երևույթները ծաղկում են, որի մասին փորձագետները զգուշացնում էին, երբ բանակում պոպուլիստական որոշում էր կայացվում՝ բանակում թույլատրել հեռախոսների ազատ օգտագործումը: Կլինեն մարդիկ, որ կասեն՝ միևնույն է, զինվորները գաղտնի այն օգտագործում էին: Այո. բայց եթե մի բան թույլատրում ես, ապա պիտի կարողանաս պատշաճ հսկել, որ արատավոր երևույթները չծաղկեն բանակում, իսկ սպաների շրջանում՝ պետական դավաճանության մեջ կասկածվողներ կամ մեղադրվողներ չլինեն:

Իսկ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը բանակին, սպային վարկաբեկող ձևակերպումներն արդեն այլ՝ բազային աշխատավարձի բարձրացման համատեքստում է շարունակել:

«Չի կարելի բազային աշխատավարձը բարձրացնել: Դուք էլ չեք բացառի, որ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կան զինծառայողներ, որոնք իրենց գործին լավ չեն տիրապետում: Օրինակ, հակաօդային պաշտպանության մեջ ներգրավված զինծառայողը չի կարողանում տեղորոշել հակառակորդի օդուժը, համապատասխան կոորդինատները որոշի և խոցում կատարի: Նրա աշխատավարձը չպետք է բարձրացվի այդ նույն գործողությունները կատարելու ունակ զինծառայողի հետ միասին»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը:

Նախ Հայկ Սարգսյանը «Պետական գաղտնիքի մասին» օրենքով ամրագրված տեղեկություն է հայտնում՝ կապված զորքի մարտական պատրաստվածության մակարդակի հետ, երկրորդ՝ ինչ գործ ունեն տեխնիկային չտիրապետող զինծառայողները զինված ուժերում, և աշխատավարձի ցածր լինելը դա լուրջ հիմնավորում չէ, որը բերել է ՔՊ-ական պատգամավորը, երրորդ՝ եթե զինվոր են, ուրեմն՝ ռազմական գործը սովորեցնելու հարցում խնդիրներ կան, չորրորդ՝ Հայկ Սարգսյանը, հետաքրքիր է՝ հավատո՞ւմ է պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի՝ հայկական զինուժի կողմից թշնամու ուղղաթիռները «զգետնելու» մասին տեղեկություններին:

Ի դեպ, Սուրեն Պապիկյանն արձագանքել է Հայկ Սարգսյանի պնդումներին՝ չեմ ուզում բամբասանք ասել, եթե կան հարցեր, առարկայական խոսենք՝ վստահեցնելով, որ իրենց ներկայացրած օրենսդրական փոփոխություններն էական նշանակություն են ունենալու պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին, քանի որ սոցիալական խնդիր են լուծում: Այս օրենսդրական փոփոխությունները քննարկման այլ թեմա են, որին առանձին կանդրադառնանք:

Իսկ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում չէր մոռացել նախկինների մասին ակնարկել:

«Նախկինում ակնհայտ փաստ էր, որ բանակում կարող է առաջխաղացման գնալ այն զինծառայողը, որն ունի ծանոթներ, բարեկամներ, 12 ախպերների հետ ինչ-որ կապեր, ու այդ աստիճանավանդակով կարող էր առաջխաղացում լիներ, հիմա խոսվում է, որ բանակում բան չի փոխվել ու բանակում առաջխաղացում կարող ես ունենալ, երբ ունես լավ կապեր: Կխնդրեմ սրան անդրադառնալ՝ ինչպես են ընտրվում կադրեր՝ պաշտոնների համար»,- ասել է նա:

Հետաքրքիր է, որ պատգամավորը այս հարցն ուղղել էր, ըստ էության, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, բայց առաջ ընկնելով՝ արագ արձագանքեց պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«12 եղբայրներն այլևս չկան: Եղբայրներ կան, բայց նրանք 12 չեն, և նրանց հովանավորչությունը վերջացավ գուցե 2 տարի առաջ: ՊՆ-ի բերած նախագծերով հենց ծանոթ-բարեկամների դեմ պատ է շարվում»,- շեշտել է Քոչարյանը:

Այս ֆոնին մի քանի հիշեցում.

Առաջին, Հայկ Սարգսյանը հայրը՝ 90-ականներին ՀՀ սոցիալական ապահովության նախարա­րությանն առընթեր կենսաթոշակային վարչությունն էր ղեկավարում, ունեցել է նաև այլ պաշտոններ, և ըստ մամուլի հրապարակումների՝ զերծ չի մնացել տարբեր չարաշահումներից:

Երկրորդ, 2021-ին ArmLur.am-ը ուշագրավ մանրամասներ էր հայտնել Հայկ Սարգսյանի ծառայության մասին:

Մասնավորապես, ըստ լրատվամիջոցի, Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն անցել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որն ըստ էության բուն զինվորական ծառայության հետ կապ չունի:

Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում: Ավելին, Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, չի ծառայել, պատճառները հանրությանը հայտնի չեն, բայց որոշ շրջանակներում չեն բացառում՝ ինչ-որ մեկի միջնորդությամբ է ազատվել ծառայությունից:

Երրորդ, մամուլում փաստեր շրջանառվեցին, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, լիազորել է պետբյուջեից կանխիկ գումարով ձեռք բերել 5մլն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր, ինչպես նաև իր թիմակից պաշտոնյա Արմեն Կոտոլյանին լիազորել է ՀՀ անունից պետբյուջեից կանխիկ գումարով ձեռք բերել 420.000 ԱՄՆ դոլարի զրահաբաճկոն՝ թվով 700 հատ, հնարավոր չէ, քանի որ կան հստակ փաստաթղթեր, ինչի մասին 168.am-ը մի քանի անգամ գրել է՝ հրապարակելով այդ և այլ փաստաթղթեր, որոնք կոռուպցիոն լուրջ ռիսկեր են պարունակում և բազմաթիվ հարցեր առաջացնում:

Չորրորդ, 2019-ին պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է 10 մլն դրամ պետական բյուջե վճարելու դեպքում բանակում ծառայել ընդամենը 1 ամիս, ինչը պաշտպանության նախարարությունն անընդունելի էր համարել:

Հինգերորդ, մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին՝ Լևոն Քոչարյանը, մի քանի անգամ տարկետում է ստացել:

Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին նաև, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, 44-օրյա պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել-տարել են այլ տեղ, որպեսզի անվտանգ լինի: Որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել: Միայն Անդրանիկ Քոչարյանի տղային են տեղափոխել այլ՝ ապահով վայր, և նրա տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը:

168.am-ը պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի անունով:

Պաշտպանական գերատեսչությունը մեկ ամիս հետո պատասխան-գրություն էր ուղարկել, որում նշվում էր.

«Ի պատասխան 17.03.2021թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր գրության՝ հայտնում ենք, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ հայտնում ենք, որ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Անդրանիկի Քոչարյանը, 11.01.2020-ին ՊՆ 55076 ուսումնական զորամասից տեղափոխվել է ՊԲ 39138 զորամաս՝ հետագա ծառայությունը շարունակելու համար: Վ. Քոչարյանը զորամասի 1-ին մարտկոցի կազմում մասնակցել է 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողություններին: Վ.Քոչարյանը մարտկոցի անձնակազմի հետ զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել 26.11.2020-ին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Ա. Բաղդասարյանի կողմից Վ. Քոչարյանին ՊԲ 39138 զորամասից այլ վայր տեղափոխելու տեղեկությանը՝ հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը»,- ասված էր պատասխան-նամակի մեջ:

168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել էր իր մտերիմ Անդրանիկ Քոչարյանի խնդրանքը, և նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պատերազմից հետո շատ հանգիստ տեղում էր շարունակել ծառայությունը՝ Վանաձորում: Այս տեղեկությունը ՊՆ-ն հաստատել էր.

«Վազգեն Քոչարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 15.01.2021թ.-ի թիվ 4/ԱԿԳՎ. հրամանով հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է ՀՀ ՊՆ 81151 զորամաս»:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ իր որդին իբր «անցել է պատերազմի ամենաթեժ կետից՝ 17 օր Ֆիզուլի և Շուշիով ավարտել է»:

Տեղեկացնենք, որ Արցախում Վազգեն Քոչարյանը ծառայել է Ասկերանի շրջանի Հայկազով տեղամասի հրետանային զորամասում, որը համարվում է էլիտար զորամաս:

Վեցերորդ, «Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որ Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ջանքերով այդ փորձերը կանխվել են։

Յոթերորդ, «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ՊՆ-ում «ԽԾԲ»-ի գործընթացին: 168.am-ն էլ թեմային անդրադառնալով՝ գրել էր, որ Սուրեն Պապիկյանը իր ծանոթ-մտերիմներին օգնականներ է նշանակում:

Այս շարքը կարելի է շարունակել: Այո, նախկինում բանակում եղել են խնդիրներ, բայց նախքան իշխանափոխությունը դրանք նվազել էին, իսկ Փաշինյանի օրոք ամենաբարձր մակարդակով խոստացան վերացնել բանակում արատավոր երևույթները, բայց փաստորեն փողոցային բարքերը ոչ թե վերացան, այլ ավելացան ու ճյուղավորվելով՝ նոր երանգ ստացան, որի մասին անգամ իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում: Բանակում այսօր լրջագույն խնդիրներ կան կարգուկանոնի հետ կապված՝ սկսած համազգեստի կրումից՝ մինչև պատահական մարդկանց դիրքեր այցելելը:

Այս ամենն առանձին քննարկման թեմա է, որը, անշուշտ, առանձին անդրադարձ է պահանջում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.