Ապօրինության հետևանքով Երևանը զրկվել է խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից. ոստիկանություն (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել են տեղեկություններ՝ վերաբերող Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց գործունեությանը:

 

Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են  բերվել փաստական տվյալներ, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն քաղաքացու կողմից ապօրինի զավթված հողամասը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործող կադաստրային արժեքով օրինականացնելու նպատակով պաշտոնյաները, նախնական համաձայնությամբ, քաղաքացուց ընդունել են հետին թվով դիմումներ` 2020 թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված, ապա կազմել ու Երևանի քաղաքապետին են ներկայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման նախագծեր:

 

Արդյունքում, քաղաքապետի որոշումներով օրինականացված ինքնակամ շինություններից բացի, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով քաղաքացուն է օտարվել 1994 քառակուսի մետր հողամասը` 5 միլիոն 982 հազար դրամով, այն դեպքում, երբ դրա կադաստրային արժեքն ավելի քան 32 միլիոն է, իսկ շուկայական արժեքը` 95 միլիոն:

 

Ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից։

Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.