Վարչապետի աշխատակազմը գաղտնի է պահում Փաշինյանին ԱՄՆ տեղափոխած օդանավի վարձակալության գինը. «Հետքը» պարզել է, թե որքան գումար է ծախսվել բյուջեից

Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար, որով սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը թռել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Աշխատակազմը որպես հիմնավորում նշել է պետական գաղտնիքը, սակայն «Հետքը» պարզել է, թե ՀՀ պետբյուջեից ենթադրաբար որքան գումար է հատկացվել օդանավի վարձակալությանը։

 

Երևան-Նյու Յորք

 


Սեպտեմբերի 21-ին Ն. Փաշինյանը Երեւանից թռավ Նյու Յորք: Նա օգտվել է մալթայական «AirX Charter» ավիաընկերության բիզնես դասի օդանավի ծառայություններից: Խոսքը բրազիլական արտադրության «Embraer Lineage 1000» ինքնաթիռի մասին է (մալթայական գրանցումը՝ 9H-FAB, տես գլխավոր լուսանկարում):

 

Դրա նախորդ օրը՝ ամսի 20-ին, վարչապետը որոշում էր կայացրել ՀՀ կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին: Դրանով աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարվել էր կազմակերպել չվերթ՝ Երեւան-Նյու Յորք (սեպտեմբերի 21-ին) եւ Նյու Յորք-Երեւան երթուղով (սեպտեմբերի 24-ին)։ Այս հարցում Հարությունյանին պետք է աջակցեր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:

Թե ինչու է ընտրվել մալթայական «AirX Charter» ընկերությունը, վարչապետի աշխատակազմը չի ասում: Փաստ է, որ դրա «Embraer Lineage 1000» ինքնաթիռը սեպտեմբերի 21-ի գիշերը գերմանական Դյուսելդորֆից ժամանել է Երեւան՝ ՀՀ պատվիրակության հետեւից: Վարչապետի վերոնշյալ որոշումից բխում է, որ ամսի 21-ին Երեւանից Նյու Յորք է թռել 9 հոգի: ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը դեռ սեպտեմբերի 14-ին էր մեկնել ԱՄՆ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում հայկական պատվիրակությանն էին միանալու այդ երկրում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Հարկ է նկատել, որ պատվիրակության անդամների ցանկում ներկայացված չեն ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների անուններ, բայց դժվար է հավատալ, որ Փաշինյանին թիկնազոր չի ուղեկցել:

Ամեն դեպքում, ինչպես կարելի է տեսնել «AirX Charter»-ի պաշտոնական կայքում, «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 ուղեւորի համար, այսինքն՝ պաշտոնապես հաստատված պատվիրակության կազմից ավելի տարողունակ է:

Սեպտեմբերի 21-ի գիշերը «Զվարթնոց» ժամանելուց մոտ 1,5 ժամ անց 9H-FAB-ը Երեւանից թռել է իռլանդական «Շանոն» օդանավակայան:

ԱՄՆ մեկնող շատ ինքնաթիռներ այս օդանավակայանն օգտագործում են վառելիքի վերալիցքավորման համար: Փաշինյանին տեղափոխող բորտը Իռլանդիայում վայրէջք է կատարել ամսի 22-ի լույս գիշերը, իսկ հետո Ատլանտյան օվիկանոսի վրայով ուղղություն վերցրել դեպի Նյու Յորք՝ Քենեդու անվան միջազգային օդանավակայան, որտեղ հասել է Նյու Յորքի ժամանակով ամսի 22-ի լույս գիշերը (Երեւանի ժամանակով՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան):

Հայկական պատվիրակությանն այստեղ թողնելուց մոտ 1 ժամ անց օդանավը թռել է Ֆիլադելֆիա, որը Նյու Յորքից հեռու է 130 կմ:

 

Ամսի 22-23-ին Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում, սեպտեմբերի 22-ին նաեւ ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:

Ոչ թե Նյու Յորք-Երեւան, այլ Ֆիլադելֆիա-Փարիզ


Սեպտեմբերի 24-ին ՀՀ պատվիրակության հետադարձ չվերթը մեկնարկել է Ֆիլադելֆիայից: Գործուղման մասին վարչապետի վերոնշյալ որոշումը հուշում է, որ վերադարձող պատվիրակության կազմում եղել է 7 հոգի (կրկնենք՝ թիկնազորի մասին ինֆորմացիա չկա): Այստեղ նորից պիտի հիշեցնենք, որ «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 հոգու համար, այսինքն՝ կրկնակի-եռակի ավելի տարողունակ, քան 7-9 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը: Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե ինչու է վարձակալվել ավելի մեծ տարողությամբ օդանավ, քան պատվիրակության անդամների թիվն է: Նկատենք, որ բիզնես դասի օդանավերը լինում են ամենատարբեր տարողության:

Վերեւում ասվեց, որ սեպտեմբերի 24-ի հետադարձ չվերթը պետք է լիներ Նյու Յորք-Երեւան ուղղությամբ: Սակայն Ֆիլադելֆիայից մեկնած 9H-FAB-ը սեպտեմբերի 25-ի լույս գիշերը «Շանոնում» վերալիցքավորվելուց հետո ոչ թե Երեւան է եկել, այլ թռել է Փարիզ՝ «Լե Բուրժե» օդանավակայան:

Փաստորեն, սեպտեմբերի 25-ին՝ կիրակի օրը, Փաշինյանը եղել է Փարիզում, սակայն այն, որ նա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա ու հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնին, հանրությանը հայտնի դարձավ միայն հաջորդ օրը՝ երկուշաբթի։ Ընդ որում՝ հանդիպման մասին առաջինը հայտնեց Ելիսեյան պալատը, ապա՝ Փաշինյանի աշխատակազմը: Դատելով նախապես ծրագրված (վարչապետի որոշման մեջ նշված) երթուղու փոփոխությունից՝ կարող ենք ասել, որ Փաշինյան-Մակրոն հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ից հետո:

Սեպտեմբերի 26-ի գիշերը հայկական պատվիրակությունը Փարիզից վերադարձել է Երեւան: Բայց այս անգամ վարչապետին ու նրա ուղեկցիներին տեղափոխել է ոչ թե մալթայական «Embraer Lineage 1000»-ը, այլ ՀՀ կառավարական բորտը՝ «Airbus A319»-ը:

Կառավարական օդանավն ավելի քան 2 օր սպասում էր ՀՀ պատվիրակությանը
Ընդ որում՝ ՀՀ կառավարական օդանավը դեռ սեպտեմբերի 24-ի կեսօրին էր Երեւանից մեկնել «Լե Բուրժե» ու մինչեւ ամսի 26-ի գիշեր սպասում էր այնտեղ:

Հայտնի չէ՝ արդյոք «Airbus A319»-ը ուղեւոր է տեղափոխել Փարիզ՝ Փաշինյան-Մակրոն հանդիպման համար (ինչ-որ մեկին Ֆրանսիա գործուղելու մասին վարչապետի համապատասխան որոշում չի եղել այդ ընթացքում), թե մեկնել է դատարկ՝ զուտ ԱՄՆ-ից վերադարձող պատվիրակությանը Հայաստան տեղափոխելու համար: Անկախ ամեն ինչից՝ 2 օրից ավելի օդանավակայանում կայանելն ու այդ ընթացքում թռիչքային անձնակազմի կեցության ապահովումը ենթադրում է համապատասխան ծախսեր ՀՀ պետբյուջեից:

Սա գրում ենք այն պատճառով, որ երբ 2019-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կրկին վարձակալված բիզնես դասի օդանավով մեկնել էր ԱՄՆ ու զուտ վարձակալության համար ծախսել շուրջ 350.000 դոլար, ինչը մի շարք հարցեր առաջացրեց, օրինակ՝ թե ինչու երթուղու մի մասը չի իրականացրել ՀՀ կառավարական ինքնաթիռը (Հայաստանից մինչեւ Արեւմտյան Եվրոպայի որեւէ օդանավակայան, որտեղից տրանսատլանտիկ չվերթը կկատարեր այլ ինքնաթիռ), հիմնավորումն այն էր, որ կառավարական բորտը պետք է այդ տարանցիկ օդանավակայանում սպասեր պատվիրակության վերադարձին, միաժամանակ հարկ կլիներ ապահովել թռիչքային անձնակազմի կեցությունն այդ ընթացքում: Ստացվում է, որ հիմա արվում են այնպիսի քայլեր, ինչպիսիք նախկինում ծախսատար էին համարվում:

Բայց սա նախկին ու ներկա գործելաոճի միակ ու գլխավոր տարբերությունը չէ:

3 տարի առաջ կարելի էր պետական գաղտնիքը հանրայնացնել, հիմա ո՞չ
Ինչպես ասվեց, 2019-ի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանն իր պատվիրակությամբ մեկնել էր ԱՄՆ: Այն ժամանակ հայկական կողմը «Gulfstream G550» տիպի բիզնես դասի ինքնաթիռ էր վարձակալել ավստրիական «Avcon Jet» ավիաընկերությունից (օդանավի ավստրիական գրանցումը՝ OE-ISN):

Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 21-26-ին «Gulfstream G550»-ը հետեւյալ երթուղով էր անցել՝ Գյումրի-«Շանոն»-Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Ջերսի-Երեւան: Այսինքն՝ թե՛ անցած ճանապարհն էր բավական երկար, թե՛ Փաշինյանի պատվիրակության տրամադրության տակ լինելու օրերն էին ավելի շատ, քան այս անգամ: Նկատենք նաեւ, որ այս «Gulfstream G550»-ը եւս նախատեսված էր 19 հոգու համար:

Ընդ որում՝ երբ հայկական մամուլում այն ժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ ավստրիական ընկերությունից օդանավի վարձակալությունն արժեցել է 300.000-400.000 դոլար, Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազ. դոլար- հեղ.)»: 2019-ին մենք վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարցրել էինք, թե պետբյուջեից որքան գումար է հատկացվել՝ զուտ «Gulfstream G550» ինքնաթիռը վարձակալելու համար: Հարցմանը պատասխանել էր աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը, ում տեղեկացմամբ՝ ինքնաթիռի վարձակալության ծախսը կազմել էր 165.945.000 դրամ (մոտ 350 հազ. դոլար):

Դրանից 3 տարի անց մենք նույնատիպ հարց էինք ուղղել վարչապետի աշխատակազմի ներկա ղեկավար Արայիկ Հարությունյանին, ու այս անգամ էլ հարցմանը պատասխանել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը: 

Խնդրում եմ հայտնել, թե ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում պետբյուջեից ընդհանուր որքան գումար է հատկացվել Երեւան-Նյու Յորք (21.09.2022) եւ Նյու Յորք-Երեւան (24.09.2022) չվերթերի կազմակերպման համար:
Ի՞նչ հիմնավորմամբ է որպես փոխադրող ընտրվել մալթայական «AirX Charter» ավիաընկերությունը եւ կոնկրետ «Embraer Lineage 1000» տիպի օդանավը, որը նախատեսված է 19 հոգու համար, իսկ վարչապետի 20.09.2022 թ. 1086-Ա որոշման հավելվածում հաստատված ՀՀ պատվիրակության կազմը ավելի փոքր է:
Տվյալ ավիաընկերությունից փոխադրման ծառայություն գնելու համար ի՞նչ ընթացակարգ է կիրառվել: Եթե կիրառվել է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, ապա ի՞նչ հիմնավորմամբ:
Եթե 2019-ին օդանավի վարձակալության գումարի չափը գաղտնիք չէր, հիմա աշխատակազմն ու վարչության պետ Արմեն Խաչատրյանը հիշել են, որ դրա հանրայնացումը կհակասի օրենքին:

Այսպես՝ Ա. Խաչատրյանը հայտնել է, որ 2016 թ. ընդունված «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են … «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման … ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»: Մյուս կողմից՝ 2003 թ. ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի վերոնշյալ դրույթը սահմանում է պետական պահպանության օբյեկտները, որոնց թվում է ՀՀ վարչապետը: Այսինքն՝ վարչապետի արարողակարգային ծախսերով ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման ծառայությունները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, որոնք հրապարակման ենթակա չեն:

 Որքա՞ն կարժենար «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը
Նիկոլ Փաշինյանին եւ նրա պատվիրակությանը Երեւանից Նյու Յորք եւ Ֆիլադելֆիայից Փարիզ է տեղափոխել «AirX Charter» ավիաընկերության «Embraer Lineage 1000» տիպի ինքնաթիռներից 9H-FAB գրանցումով բորտը: Ըստ մալթայական փոխադրողի կայքի՝ վերջինիս շարժակազմում նման 3 օդանավ կա (9H-FAB, 9H-FCM, 9H-NYC): Սրանցից առաջին երկուսը «երկվորյակներ» են: Նրանց տեխնիկական պարամետրերը նույն են: 9H-FAB-ի ու 9H-FCM-ի թռիչքի առավելագույն տեւողությունը 9 ժամ է, տեղավորում են մինչեւ 19 ուղեւոր, ունեն 1-2 բորտ-ուղեկցորդ:

Ինքնաթիռի սրահում կա արբանյակային հեռախոսակապ, միկրոալիքային վառարան, տաքացուցիչ (սնունդ տաքացնելու համար), հեռուստացույց, ժամանցային համակարգ, թույլատրվում է տնային կենդանիներ մտցնել սրահ։

Այն բանից հետո, երբ վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիքի պատճառաբանմամբ մերժեց հայտնել, թե որքան գումար է պետբյուջեից հատկացվել այս օդանավի վարձակալության համար, մենք դիմեցինք սփյուռքահայ գործարարներից մեկին, ով մեր խնդրանքով «AirX Charter»-ից պարզեց, թե ինչ կարժենա «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը, եթե այն թռչի Երեւան-Նյու Յորք, իսկ 2 օր անց՝ Նյու Յորք-Փարիզ երթուղով, օդանավում լինի 10 ուղեւոր, եւ ամբողջ ճամփորդության ընթացքում այն լինի պատվիրատուի տրամադրության տակ: Այսինքն՝ գրեթե այն նույն պայմանները, ինչպիսիք եղել են ԱՄՆ մեկնած եւ այնտեղից Փարիզ թռած ՀՀ պատվիրակության պարագայում:

Հայ գործարարին «AirX Charter»-ն առաջարկել է 9H-FAB-ի «երկվորյակին»՝ 9H-FCM-ը, որը, ինչպես վերեւում նշեցինք, ունի նույն տեխնիկական ցուցանիշները։ Վերը նշված պայմանների պարագայում մալթայական փոխադրողի գնային առաջարկը Երեւան-Նյու Յորք-Փարիզ թռիչքի համար 235.000 եվրո է (ներառյալ՝ վերալիցքավորումը իռլանդական «Շանոն» օդանավակայանում Երեւան-Նյու Յորք չվերթի ժամանակ), ինչը հավասար է մոտ 90 մլն դրամի: Այստեղ, սակայն, պետք է հաշվի առնել, որ ՀՀ պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռը «Շանոնում» տեխնիկական կանգառ է կատարել նաեւ ԱՄՆ-ից վերադառնալիս: Հետեւաբար, կարող ենք ասել, որ 235.000 եվրոն Փաշինյանին տեղափոխած օդանավի վարձակալության մոտավոր նվազագույն գինն է:   

Իսկ եթե օդանավի վարձակալության արժեքին գումարենք նաեւ պատվիրակության անդամների օրապահիկի, գիշերավարձի, տրանսպորտի վարձակալության ու ճաշի համար վճարված շուրջ 24 մլն դրամը, կստացվի, որ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ գործուղման համար ՀՀ պետբյուջեից վճարվել է շուրջ 114 մլն դրամ, ինչն այս պահին հավասար է մոտ 294 հազ. դոլարի կամ 296 հազ. եվրոյի: Սրան էլ պետք է գումարել հուշանվերների ձեռքբերման արժեքը, որը վարչապետի աշխատակազմը կրկին չի հանրայնացրել: 

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.