Շագանակագեղձի ցավ

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը՝ ապահովելով էրեկցիայի մեխանիզմի նորմալ գործարկումը: Շագանակագեղձի և սերմնաբշտերի հարթ մկանային թելերը կրճատվելով՝ նպաստում են սերմնահեղուկի արտանետմանը միզատար խողովակ, ինչպես նաև` էյակուլյացիային (սերմնաժայթքմանը):

Շագանակագեղձը տեղակայված է փոքր կոնքում՝ միզապարկի տակ, ընդգրկում է միզատար խողովակի սկզբնական հատվածը՝ ուղիղ աղուց առաջ, ցայլոսկրից` հետ: Այսպիսի տեղակայումը շագանակագեղձը դարձնում է դժվարամատչելի օրգան, այդ պատճառով շագանակագեղձի հետին մակերեսը շոշափելու միակ տարբերակը ուղիղաղիքային մատնային հետազոտությունն է, որն իրականացվում է մասնագետի կողմից:

 

Հարթ մկանային և գեղձային հյուսվածքից բաղկացած շագանակագեղձը շրջապատված է ֆիբրոզ պատիճով, որից դուրս են գալիս շարակցական հյուսվածքից բաղկացած խտրոցներ: Շագանակագեղձի ալվեոլյար-խողովակավոր փոքր գեղձերն առաջացնում են ացինուս, որն արտատար ծորանների ցանց է, որոնք էլ բացվում են միզատար խողովակի հետին պատին: Տարբերում են շագանակագեղձի աջ և ձախ սերմնաժայթքող ծորաններ, որոնք անցնում են շագանակագեղձի ամբողջ պատի հաստությամբ:

 
 

Վերին և ստորին շագանակագեղձային զարկերակներն ապահովում են շագանակագեղձի արյունամատակարարումը: Սակայն արյան դանդաղ հոսքը նպաստում է ո՛չ միայն կանգային երևույթների առաջացմանը, այլ նաև շագանակագեղձում վարակային գործընթացի զարգացմանը:

Ո՞ր հիվանդությունների դեպքում կարող է առաջանալ շագանակագեղձի ցավ:

 

Շագանակագեղձում ցավ առաջանում է հետևյալ հիվանդությունների ժամանակ.

  • Սուր/քրոնիկական պրոստատիտ
    •    Շագանակագեղձի կալցիֆիկացիա կամ քար
    •    Շագանակագեղձի քաղցկեղ
    •    Ուղիղ աղու հիվանդություններ (թութք, պրոկտիտ)
    •    Շագանակագեղձի կիստաներ
    •    Հարմիզուկային գեղձերի քրոնիկական բորբոքում

 

Ցավերը, որպես կանոն, ճառագայթում են դեպի սրբոսկր, շեք և ամորձապարկ: Հենց շագանակագեղձը չի ցավում, նյարդաթելերը նրանից գնում են դեպի փոքր կոնքի բոլոր օրգաններ, ահա ինչու են ցավերը հաճախ ճառագայթում դեպի գոտկատեղ:

Ըստ ուժգնության ցավերը կարող են տարբեր լինել՝ հազիվ նշմարելի նվվացող ցավերից մինչև խիստ արտահայտված, քունը խանգարող ցավեր:  Ցավերը կարող են ուժեղանալ կամ թուլանալ սեռական ժուժկալության դեպքում կամ, ընդհակառակը, արտահայտված սեռական ակտիվության դեպքում, լիցքաթափումից հետո, սերմնաժայթքման ժամանակ: Հարկ է նշել, որ սրբոսկրի ցավերը միշտ չէ, որ պայմանավորված է պրոստատիտով, դրանց պատճառը կարող է լինել օստեոխոնդրոզը:

Պրոստատիտի քրոնիկական ձևը՝ շագանակագեղձի բորբոքումը, կարող է ուղեկցվել հետանցքում և շեքի շրջանում մշտական նվվացող ցավերով: Այդ ցավերը կարող են տարածվել դեպի ամորձիներ, իսկ բժշկի կողմից շագանակագեղձի ձեռքով հետազոտման ժամանակ՝ նաև դեպի առնանդամի գլխիկը և որովայնի ստորին հատվածը:

Սուր պրոստատիտի դեպքում ցավերը շեքի շրջանում խիստ արտահայտված են և ուժեղանում են ձեռքով հետազոտման ժամանակ:

 

Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ ցավերը կարող են տարածվել դեպի սրբոսկր, գոտկային շրջան և ազդր: Նմանատիպ ցավեր կարող են լինել նաև շագանակագեղձի ոսկրային մետաստազների դեպքում:

Շատ կարևոր է ժամանակին դիմել ուրոլոգին: Շագանակագեղձը տղամարդու կարևորագույն օրգաններից է, որն անմիջականորեն կապ ունի տղամարդու վերարտադրողական համակարգի հետ: Շագանակագեղձը կարելի է բուժել տարբեր դեղամիջոցներով, իմունամոդուլյատորներով, տեղային ֆիզիոթերապևտիկ միջոցներով, երբմեն նաև հատուկ մերսումներով: Որոշ դեպքերում նաև կարիք է լինում հոգեսեռական խորհրդատվության:

urolog.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.