Բաժին : Իրավունք
Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող էր, ոչ միայն հայ էր, այլ՝ ինքը կին էր. ՀՀ ՄԻՊ
Միջոցներ արդեն ձեռնարկել եմ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն:
«Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն եմ աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի:
Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա:
Հարցին՝ այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով, ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել.
«Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»: