Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. նրա դին եղել է ադրբեջանական կողմից ՀՀ–ին փոխանցած 32 դիերի մեջ. Sputnik Արմենիա

Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. նրա դին եղել է ադրբեջանական կողմից ՀՀ–ին փոխանցած 32 դիերի մեջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

 

Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութում երևում էր, որ Դավիթը վիրավորում է ստացել ուսի շրջանում, իսկ ադրբեջանցիները իբրև թե «օգնություն են ցուցաբերում»։

 

Զինվորին, սակայն, օրերս ադրբեջանական կողմից ՀՀ–ին փոխանցած 32 դիերի մեջ ճանաչել են հարազատները։

 

«Այսօր առավոտյան Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք նրա սպանության մասին և ասել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը` կյանքի իրավունքը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից է անձին պաշտպանում»,– մեզ հետ զրույցում ասաց Սամվելյանը։

Նա հավելեց, որ այսօր դիմում է ուղարկվելու նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Հաագայի դատարան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.