Երևանի կենտրոնում Nissan Tida-ն բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ծառերն, բախվել էլեկտրասյանը` հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին (լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, կոտրել 2 ծառ, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Վարդան Խոցանյանն ու Նարեկ Սաֆարյանը։ Իսկ պարեկներ Ռոման Ալոյանն ու Տիգրան Հարությունյանը վարորդի ինքնությունը պարզելու համար նրան ուղեկցել են հիվանդանոց, որտեղ վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Կենտրոնի կանաչապատման բաժնի աշխատակիցներն, ովքեր հեռացրել են կոտրված ծառերը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները։ Վարորդին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Հյուրանոց Նացիոնալ»-ի աշխատակիցները։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.