ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում բռնկված ռազմական գործողությունները. ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են զոհերի և վիրավորների։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

 

«Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար:

 

Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասել է պաշտոնյան։

 

Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.