Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը. մեր պատկերացմամբ՝ դա 1 դոլարի համար 450 դրամն է. Վահան Քերոբյան

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին, առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, իսկ Լարսի անցակետում հուլիսին նախորդ ամսվա համեմատ հայկական բեռների թողունակությունը ավելացել է մոտ 10 տոկոսով: Ւնչ վերաբերում է դրամի արժևորման արդյունքում տուժած որոշակի ոլորտներին, ապա սպասվում է աջակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

Խոսելով նախ տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներից, 6 ամսում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 11.8 տոկոս աճից՝ նախարարն ասաց. «11.8 տոկոսը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում: Սակայն, բնականաբար, չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է, քանի որ թե ամբողջ աշխարհը, թե հատկապես մեր տարածաշրջանը լեցուն է մարտահրավերներով: Եվ այդ առումով մենք պետք է ոչ թե թուլացնենք, այլ հակառակը՝ ուժեղացնենք մեր աշխատանքը, որ արձանագրված արդյունքներն ամրապնդենք նաև հաջորդ եռամսյակների և տարիների համար»:

 

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում 5.5 տոկոս նվազմանը՝ նախարարը խոսեց տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին: «Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ»,-ասաց Քերոբյանը:

 

Սակայն, նախարարի վստահեցմամբ, հիմա գյուղատնտեսության մասին օրենք է նախապատրաստվում, որի նպատակը ոլորտն ավելի լավ կառավարելն է:

Անդրադառնալով մտահոգությանը, թե տնտեսությունում նկատվող այդ աճը կարճաժամկետ է, տնտեսությունում խնդիրներ կլինեն, եթե զբոսաշրջային հոսքը կանգնի, եկածները հետ գնան՝ Քերոբյանն ասաց.  «Վստահ ենք, որ այս աճը, արդյունքը ոչ թե կարճաժամկետ է, այլ հակառակը՝ բավականին երկարաժամկետ: Աճում է նաև այն պոտենցիալը, որը թույլ է տալու, որ մենք հաջորդ տարիներին աճենք: Կառավարությունը միտված է նրան, որ Հայաստանի ընկերությունների արտադրողականությունը, հետևաբար պոտենցիալը բարձրանա»,-ասաց Քերոբյանը՝ շեշտելով տնտեսական արդիականացման ծրագրի մասին, որով ընկերությունները կարող են գնել սարքավորումներ, հոսքագծեր, և կառավարությունը կֆինանսավորի այս վարկերի, լիզինգի տոկոսները: 

Իսկ ինչ վերաբերում է Վերին Լարսի հերթերի խնդրին՝ Քերոբյանը հիշեցրեց, որ իր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ նաև հենց տեղում՝ Լարսի անցակետում, փորձել են լուծումներ տալ, պայմանավորվել էին, որ մաքսազերծման համար երկրորդ տարածք պետք է հատկացվի, ինչն արվել էր:

«Եվ հուլիսին հունիսի նկատմամբ մոտ 10 տոկոսով ավելացել է հայկական բեռների թողունակությունը: Դա ավելի քիչ է, քան մենք պլանավորել էինք, քանի որ մեր կարծիքով այն պետք է տար առնվազն 30-տոկոսանոց աճ: Ես պատրաստվում եմ այս տվյալներով կիսվել իմ գործընկերոջ հետ: Հենց հերթերի առումով մենք ունենք բարելավում, բայց ոչ այն չափի, որ նախատեսել էինք: Այս տեսանկյունից քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են»,-վստահեցրեց նախարարը:

Իսկ լաստանավային հաղորդակցության գործարկումը թեև պահանջեց ավելի շատ ժամանակ, սակայն նախարարն ասաց. «Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք: Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»:

Անդրադառնալով դրամի արժևորմանը և դրա արդյունքում որոշակի ոլորտների տուժելուն՝ Քերոբյանը նկատեց, որ դա ազդեցություն է ունենում ամենակարևոր ոլորտների վրա՝ այդ թվում ներդրողների, արտահանողների, IT ոլորտի, կառուցապատողների: «Մենք հասկանում ենք, որ կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումն արդեն ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը: Եվ մեր պատկերացմամբ՝ այդ կարմիր գիծը 1 դոլարի համար 450 դրամն է: Տեսնում ենք նաև Ֆինանսների նախարարության մտահոգությունը և փորձում ենք գտնել այն լուծումները, որոնք բերելու են նրան, որ մեր վտանգված ոլորտներին հարվածը մեղմվի, և նրանք կարողանան եկամտաբեր ձևով ընթանալ առաջ»,-ասաց նախարարը:

Քերոբյանի վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ արդեն առաջին որոշումները կան, հաջորդ շաբաթվա ընթացքում ևս կլինեն որոշումներ: Այդ որոշումների, գործիքների միջոցով փորձելու են այնպես անել, որ ընկերությունները ստանան այն անհրաժեշտ «թթվածինը», որի շնորհիվ կկարողանան արդյունավետ կերպով զարգանալ այս նոր միջավայրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.