Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օգնությունից, շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն չի եղել, օրվա ավարտին նշել է՝ գանգատներ չունի․ Արդարադատության նախարարություն

Հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը․«Տեղեկացնում ենք, որ Վահագն Վերմիշյանի փաստաբանը նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապ օգնություն կանչել, ինչին ի պատասխան` հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապ օգնության բրիգադ:

Վ. Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել:

 

Նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վ.Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ: Վ.Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օբյեկտիվ զննությունից /Զ/Ճ չափում/, հրաժարվել է դուրս գալ խցից՝ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:

Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, որն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում:

Ժամը 23:30-ի սահմաններում հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ.Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.