Ի՞նչ անել, եթե երեխային խայթել է մեղուն

Ի՞նչ անել, եթե երեխային խայթել է մեղուն. doctors.am-ի հարցին պատասխանել է մանկական ալերգոլոգ Լուսինե Ավետյանը:

Մեղուն խայթելուց հետո սովորաբար խայթը թողնում է մաշկի վրա։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ փորձել հեռացնել այն մաշկից (իշամեղուն խայթը չի թողնում մաշկի վրա, հետևաբար կարող է խայթել մեկ անգամից ավել), ապա անել հետևյալը՝
 
  • լվանալ այդ հատվածը օճառով և ջրով,
  • մի քանի րոպե սառույց դնել,
  • տեղային հակաալերգիկ քսուք օգտագործել,
  • արտահայտված ցավի դեպքում տալ Պարացետամոլ կամ Իբուպրոֆեն,
    քորի դեպքում տալ հակաալերգիկ դեղորայք երեխայի տարիքին և քաշին համապատասխան:

Չի՛ կարելի խայթոցի տեղում կիրառել առօրյայում օգտագործվող տեղային միջոցներ, ինչպիսիք են մածունը, ատամի մածուկը, շաքարը, սալորը, ցեխը և այլն։

 
 

Ե՞րբ է պետք դիմել բժշկի

  • եթե մեղուն խայթել է բերանի մեջ, քանի որ այդ դեպքում արտահայտված այտուցի հետևանքով կարող է առաջանալ շնչուղիների փակվածություն,
  • եթե մաշկի ցանը տարածվել է, արտահայտված այտուց է զարգացել, կամ այտուցը և ցավը պահպանվում են 3 օրից ավել, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի նշան լինել:

Կյանքին վտանգ սպառնացող նշաններն են՝

  • դժվարաշնչություն և խզզոցներ
  • կրծքավանդակում ճնշման զգացում
  • շուրթերի, լեզվի կամ դեմքի այտուց
  • գլխապտույտ և անհանգստություն
  • սրտխառնոց կամ փսխում:

Եթե երեխան նախկինում ունեցել է ալերգիկ ռեակցիա մեղվի խայթոցից հետո, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ առաջին բուժօգնության համար` Ադրենալինի ինքնաներարկիչի օգտագործման ցուցումներ ստանալու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.