Պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա. Քոչարյանը՝ ՆԳՆ ստեղծման ծրագրերի մասին

Հայաստանում պետությունը Ներքին գործերի նախարարություն ստեղծելով և բազմաթիվ այլ փոփոխություններով նպատակ ունի համակարգում ծառայության անցնելը դարձնել ավելի գրավիչ, պետության ներքին անվտանգային միջավայրն՝ ավելի կառավարելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը  «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:

 

«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի անվտանգության  ոլորտին վերաբերող բարեփոխումների հատվածում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ոստիկանության ռեֆորմները՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման առաջնահերթությամբ: Նշված բարեփոխումների շրջանակներում մենք կարողացանք  մայրաքաղաքում և արդեն որոշ մարզերում ստեղծել պարեկային ծառայությունը, որի գործունեության շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է Հանրապետության տարբեր բնակավայրերով: Այն իր բարձր պրոֆեսիոնալիզմով կդառնա մրցունակ և շարունակաբար կընդլայնի մասնագիտական կարողությունները»,-ասաց Քոչարյանը:

 

Ըստ Քոչարյանի՝ Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ պետությունը կլուծի միանգամից մի քանի կարևոր խնդիրներ: Կսահմանվեն ՆԳՆ-ի հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: Ներքին գործերի նախարարությունը, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին:

 

«Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է: Իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականության ավելացմանը: Այս և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, մյուս կողմից էլ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության և  միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվել են նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Եվ լսումների նպատակն է հանրությանը ևս այդ կարևոր բարեփոխումներին մասնակից դարձնելը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.