Իշխանությունը «ստռախ է գանյատ» անում․ ընդդիմությունը ունի մեկ փամփուշտ․ Զոհրաբյան

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրել է որոշում, համաձայն որի՝ ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի և կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով։ Որոշման նախագիծը հրապարակվել էր խորհրդարանի կայքում, որը ավելի ուշ հեռացվեց։ ԱԺ նախագահի խոսնակը մեկնաբանելով կատարվածը, հայտնել էր, թե այս պահին նախագիծը հանվել է։

Ի դեպ ըստ նախագծի մանդատից զրկվելու էին ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները, բացի Իշխան Զաքարյանից և Թագուհի Թովմասյանից։ Վերջիններս ինչպես հայտնի է ԱԺ էին մտել «Պատիվ ունեմ»-ի ցուցակով, իսկ հետո դուրս եկան խմբակցությունից, պահպանելով պատգամավորական մանդատը։

 
 
 

Ինչու՞ իշխանությունը գնաց նման քայլի, հարցրեցինք ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Գիտեք, ամեն ինչ շատ պարզ է և կանխատասելի։ Հիշում եք ինչ ասաց օրեր առաջ Ալեն Սիմոնյանը՝ կամ խելոք կգան՝ կգան, կնստեն կաշխատեն, կամ մենք որոշակի հետագա քայլեր կձեռնարկենք։ Եվ այսօր Իշխան Սաղաթելյանի ասուլիսից հետո, որտեղ վերջինս նշեց, որ իրենք են որոշում՝ երբ կուզենան, էն ժամանակ էլ կվերադառնան խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը որոշեց այդ օրենքի նախագիծը դնելով ԱԺ կայքում, ընդամենը կներեք այդ կոպիտ բառի համար «ստռախ գանյատ» անել ընդդիմության վրա, դրանով ասել, թե որ պահին ուզենամ ձեզ մանդատից կզրկեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Միաժամանակ Նաիրա Զորաբյանը նշեց, թե իր համար պարզ էր, որ իշխանությունը այնուամենայնիվ այս պահին դա չէր անելու, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ պահի ամեն դեպքում այն չի իրականացվի։ «Եվ չեն դիմի Նիկոլի գրպանում գտնվող ՍԴ-ին, որը բնականաբար կվավերացնի Նիկոլ Փաշինյանի ցանկացած որոշում, իսկ ինչի համար դա չի արվում, որպեսզի խորհրդարանական ընդդիմությանն ասվի, կամ կառաջնորդվեք մեր օրակարգով, կամ մենք ձեր մանդատները ձեր ձեռքից կվերցնենք։ Ես  ձեզ վստահեցնում եմ, որ պահին իշխանությունը լրջորեն որոշի դիմել իր ոտքի տակ ընկած պոլի շոր Սահմանադրական դատարան և ընդդիմադիր պատգմավորներին զրկել մանդատից, դա ընդամենը տեխնիկայի հարց է լինելու և միջազգային հանրությունը որեւէ կերպ չի դատապարտելու նման բռնապետական և ցիվիլ քաղաքական մշակույթում աննախադեպ այդ դիկտատուրան»,- ասաց նախկին պատգամավորը։

 

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ընդդիմությունը ևս քաջ գիտակցում է, որ իրենք միջազգային հանրության կողմից որևէ աջակցություն չեն ունենալու։ Նախկին պատգամավորի գնահատմամբ, սա շատ պարզ «մեսիջ» էր ընդդիմությանը։ «Նիկոլը ինչպես միշտ, որպես կլասիկ մանիպուլյատոր գնդակը տշեց ընդդիմության դաշտ։ Հիմա ընդդիմությունը, ինչպես նշեց Ալեն Սիմոնյանը խելոք պիտի վերադառնա խորհդարան և առաջնորդվի իշխանության օրակարգով կամ կզրկվի մանդատներից։ Դուք շատ ճիշտ էիք նկատել, որ ընդդիմությունը շատ գրագետ քայլ կանի, եթե ինքը չսպասի մինչև իր հետ վարվեն այնպես, ինչպես վարվեցին Իշխան Սաղաթելյանի, Վահե Հակոբյանի հետ»,- ասաց Զոհրաբյանը, հավելելով, թե որեւէ երաշխիք չկա ընդդիմության ցուցակներով եկող հաջորդների հետ իշխանությունը ձեռք չի բերի պայմանավորվածություն և նրանք բոլորը մանդատները կդնեն։ «Շատ անկեղծ ասեմ, որ այս պահին ես վստահություն ունեմ, որ միայն ՀՀԿ-ի դեպքում է, որ կգործի հստակ կուսակցական որոշում և ցուցակի մյուս բոլոր համարները վայր կդնեն իրենց մանդատները։ Ես ունեմ ներքին այդ համոզմունքը նաև որոշակի ներքին փաստերի տիրապետոլով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Եզրափակելով Նաիրա Զոհրաբյանը նորից ասաց, թե ըստ էության Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը սեղմեց փակուղի և նրանք վերադառնալով խորհդարան կամ պետք է իշխանության հետ քննարկեն օրինակ սնդիկի մասին օրենք,  կամ ՍԴ-ն նրանց զրկում է մանդատներից։ «Ես արդեն ասել եմ, որ ընդդիմության՝ իմպիչմենտի օրակարգը անիրականանալի է, ուստի այս պահին ընդդիմությունն ունի իր դեմքը փրկելու  մեկ հնարավորություն, մեկ փամփուշտ։ Ճիշտ կկարողանա այն օգտագործել այս փակուղուց դուրս կգա շահած, չի կարողանա՝ դա կնշանակի ընդդիմությունն իր ձեռքով իր վրա կդնի քաղաքական տապանաքար և մեզ կմնա ձեր հետ խմել մեկ բաժակ օղորմաթաս»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավորը։  

Irakanum.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.