Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու․ Իշխան Սաղաթելյան

Շաբաթական մեկ անգամ ենք հանրահավաք անում, մնացած օրերին հսկայական աշխատանք է տարվում, որը հանրության համար տեսանելի չէ: Գրասենյակների խորհուրդների ձևավորումն ամբողջությամբ ընթացքի մեջ է. գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրության» շարժման խորհուրդներ, կոմիտեներ, հանձնախմբեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Վստահեցնում եմ ձեզ որ նույն տեմպով աշխատում ենք, բայց անում ենք նաև բեք օֆիսի աշխատանք, ավարտից հետո դրանց ձեր համար տեսանելի կլինեն»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսելուն և օգոստոսի երկուսից հետո գործողություններ անելու մասին նախկինում արված հայտարարությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսել ենք պաշտոնանկության գործընթաց: Ասել եմ՝ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը: Ասել եմ հստակ, մենք այդ գործընթացի մեջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ հաջողության հասնելու համար լինեն բավարար հիմքեր: Ձևական այդ պրոցեսի մեջ չենք մտնելու: Իսկ այդ հիմքերը իրավական ու քաղաքական առումով ակնհայտ է, որ կան»:

Ինչ վերաբերում է մանդատներից զրկելուն և խորհրդարան վերադառնալուն, ապա Իշխան Սաղթելյանն ասաց․«Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին:  Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է: «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.