«Իրադրությունը բավականին բարդ է. ցանկացած կարգավորում պետք է լինի խիստ հաշվարկված, հակառակ դեպքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է։

 

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները շատ դեպքերում ընդհանուր գծերով է ներկայացված և դրանց իրականացման հարցում բանակցելու ու հնարավորինս հայկական շահերի շրջանակներում գոնե փոքր հաջողություններ գրանցելու հնարավորություն կա։

Կոնկրետ այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը սահմանում է հետևյալը.

 

«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

 

Ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, ապա թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումը։

Այլընտրանքային ճանապարհի նախագիծը կարող էր քննարկվել ու հաստատվել այնպիսի տրամաբանության ներքո, որի դեպքում 3 հայկական համայնքները կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին։

Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի շանտաժի, սպառնալիքի ներքո է եռակողմ հայտարարության այս դրույթն իրականացվում ադրբեջանական հավակնությունների շրջանակում։

Իրադրությունը բավականին բարդ է, պարզ, ստանդարտ լուծումներ չունի և ցանկացած կարգավորում պետք է լինի խիստ հաշվարկված, հակառակ դեպքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն։
Ադրբեջանի հետ տարբեր հարցերով բանակցությունները ենթադրում է ծանր գործընթաց, որը ՀՀ ներկայիս իշխանությունների պայմաններում մեզ համար շահեկան լուծման հնարավորություն չի ընձեռում»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.