Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2022թ. հունվարից համարվում են ԱԱՀ վճարող. ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ

Օրենսդրական փոփոխության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։

 

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից, նշելով, որ գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել «e-VAT» համակարգ: Այն հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։

Համակարգը կառուցված է հնարավորինս պարզ և հարմար՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից կիրառելու համար։ Համակարգի միջոցով հարկային մարմնում հաշվառումն իրականացվում է պարզեցված եղանակով, ինչպես նաև՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից հատուկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։

Համակարգում տեղադրված են 5 տարբեր արտարժույթներով բանկային վավերապայմաններ, որոնց միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կարող են վճարել իրենց գործունեությունից ձևավորված ավելացված արժեքի հարկը։ Նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն, որի միջոցով կազմակերպությունների վճարումը կիրականացվի համակարգի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քարտերով։

 

2022թ. հունիսի 27-ի դրությամբ «e-VAT» համակարգի օգտվող է հանդիսանում 30-ից ավել խոշոր միջազգային կազմակերպություն։ 2022 թվականի առաջին եռամսյակի համար վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 170 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ։

Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում «e-VAT» համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, և այդ նպատակով ակտիվ երկխոսություններ են տարվում ՀՀ-ում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.