Ադրբեջանը բանակը պատրաստում է պատերազմի

Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, որ ստեղծելու են թուրքական մոդելի փոքր բանակ, թեպետ արդեն պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է թուրքական, ըստ էության՝ ՆԱՏՕ-ական կառավարման համակարգ:

 

Այս տարվա գարնան սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարի առջև խնդիր էր դրել՝ արագացնել Ադրբեջանի բանակում թուրքական մոդելի բանակի կիրառումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում:

Արդեն մայիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումների շրջանակում ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան՝ ռազմական կրթության ոլորտում կառավարումը բարելավելու նպատակով:

Իսկ 2022-ի փետրվարի 25-ին, Ադրբեջանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ ընդունեց «Ադրբեջանի զինված ուժերի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով բարձրացվելու է երկրի զինված ուժերի, բոլոր զորքերի նյութատեխնիկական բազայի մակարդակը՝ ելնելով 2020-ի արցախյան պատերազմի փորձից:

 

Փոփոխություններ են մտցվել նաև Ադրբեջանի 2022-ի պետական բյուջեում, որի արդյունքում երկրի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը գերազանցում են 5 միլիարդ մանաթը:

Իսկ հունիսի 26-ին «Ազերթաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ արմատական փոփոխություններ են մտցվել նաև Ադրբեջանի բանակի, ցամաքային զորքերի, օպերատիվ (դիվերսիոն) ստորաբաժանումների կազմակերպչահաստիքային կառուցվածքում: Սա ևս արվում է թուրքական մոդելի փոքր բանակ ունենալու տրամաբանության մեջ:

Նույն օրը Քարվաճառ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բանակի զարգացման համար լրջագույն քայլեր են ձեռնարկելու՝ նշելով, որ նորագույն սպառազինության գնման նոր պայմանագրեր են կնքել, որոնք արդեն իսկ իրականացվում են, և, որ Ադրբեջանը շարունակելու է նոր և ժամանակակից զենքի և տեխնիկայի ձեռքբերումը:

«Հայաստանի հետ սահմանին մեր դիրքերը գնալով ավելի են ամրապնդվելու: Եթե Հայաստանը նորից կիրառի հին տակտիկան սահմանների որոշման հարցում և փորձի ժամանակ ձգել, շատ կփոշմանի: Մենք ուշադրությամբ հետևում ենք ՀՀ-ում գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերի գործողություններին: Եվ թող նրանք այդ մասին իմանան»,- ասել է Ալիևը:

Ի դեպ, 2022թ. հունվարի 12-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը որոշակի փակագծեր էր բացել, թե ինչ բացթողումներ են եղել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, և ինչի վրա են շեշտը դնելու ադրբեջանական բանակի զարգացման և հզորացման հետպատերազմյան գործընթացում:

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ռազմական ենթակառուցվածքների ինչ էլեմենտներ կա՛մ գործի չեն դրվել, կա՛մ դրվել են շատ սահմանափակ ֆորմատով, կա՛մ էլ եղել են խոցելի: Սա ևս շատ մեծ փորձ է: Բայց ավելին, քան նոր ասացի, հասկանալի պատճառներով, չեմ կարող ասել»,- նշել էր Ալիևը՝ շեշտելով, որ ավելացնելու են զինված ուժերի հզորությունը, քան ցուցադրվել է վերջին պատերազմի ժամանակ:

Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը մանրամասնել էր, որ կատարելագործելու են հատկապես հատուկ նշանակության ուժերը, որոնք կարևոր դերակատարում են ունեցել վերջին պատերազմում, ավելին՝ հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ են ստեղծելու, քանի որ չգիտեն, թե մի քանի տարի հետո ՀՀ-ում ինչ ուժեր կգան իշխանության:

«Խոսքը ռևանշի փորձերի մասին է, և այն, որ մենք չգիտենք, թե ինչ կլինի 1, 2, 5 տարի հետո: Իսկ այսօր հայկական բանակն «ամբողջությամբ ջախջախված վիճակում է և ի զորու չէ դիմադրել մեզ», ընդ որում, ավելի շատ, քան Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էր»,- ընդգծել էր Ալիևը՝ ակնարկելով, թե 44-օրյա պատերազմում հաղթանակի դափնիները չպետք է թմրեցնեն իրենց:

Այսինքն, Ադրբեջանը հստակ պատրաստվում է պատերազմի՝ հաշվի առնելով պատերազմում թույլ տրված սեփական սխալները, հետպատերազմյան իրողությունը և հնարավոր բոլոր այլ սցենարները, այդ թվում՝ ՀՀ ներքաղաքական։ Մինչդեռ պատերազմից հետո մոտ 1.5 տարին բանակի վերակազմավորման գործընթացին չծառայեցրած փաշինյանական իշխանությունն այժմ փորձում է, ըստ էության, զուտ քաղաքական նպատակներից ելնելով՝ փոխել բանակի կառավարման մոդելը՝ իբր վերացնելով մի շարք անհարթություններ ՊՆ-ԳՇ հարաբերություններում։ Սակայն, մասնագետների կարծիքով, շրջանառվող նախագծից պարզ է դառնում, որ անհստակություններն ավելի են շատացել, և, որ պատերազմի դեպքում առավել լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.