Թող ռուսները զբաղվեն Արցախով, իսկ մենք հարևանություն անենք թուրքի հետ

Օրեր առաջ Իլհամ Ալիևը պնդեց՝ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկին։ Նա այս մասին նշեց պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան», - ասել էր Ալիևը։

 

Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթ: Ալիևը նաև ասել է, թե 44-օրյա պատերազմից մեկուկես տարի անց էլ «Երևանը դեռ չի իրականացրել իրավական պարտավորությունները հաղորդակցությունների բացման, Նախիջևանի ինքնավար հանրապետություն ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անարգել անցումը ապահովելու ուղղությամբ։ Իլհամ Ալիևը հավելել է, որ այդ համատեքստում Մոսկվայից ակտիվ գործողություններ է ակնկալում։

 

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում «որոշակի առաջընթացի» մասին, մանրամասներ, սակայն, Լավրովը չի հայտնել։ Փոխարենը ռուսաստանցի պաշտոնյան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է հայկական կողմի հետ տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցերը համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի համար՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։

 

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն էլ զգուշացրեց Հայաստանի հետ բանակցային գործընթացի ձգձգումների ռիսկերի մասին: Բանակցային գործընթացի բանակցությունների արհեստական ձգձգումը «լուրջ ռիսկեր է պարունակում», հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, զգուշացրել էր Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։ «Բոլոր կողմերը լիարժեք և անվերապահ պետք է կատարեն եռակողմ համաձայնությունները։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում», - ասել է Բայրամովը:

 

Ահա, Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցից հետո, երբ, ըստ էության Բաքվից, հայկական կողմին մեղադրեցին ապակառուցողական դիրքորոշման մեջ՝ մի քանի օր անց պաշտոնական Երևանը, սկսեց արդարանալ...

 

Նախ, Արարատ Միրզոյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, որում մեկնաբանեց Ալիևի մեղադրանքները, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: «Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով»:

 

Հիմա էլ Միրզոյանն ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել։ «Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները»:

Գալով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և կրկին հայկական կողմին ուղղված մեղադրանքներին, թե ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, Միրզոյանն այս դեպքում էլ պատասխանել է. «Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա:

 

Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ:

 

Ապա, մեկ օր անց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով արդեն հնչեց որոշակի արդարացում, թե՝ «մենք պատրաստ ենք...»

 

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը վերջին օրերին հնչած մեկնաբանությունների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ ՀՀ Արտգործնախարարությունն ընդգծում է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որում ասվում է, թե կողմերը «հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»:

 

Երևանի այս հայտարարությունը հաջորդում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պնդմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլևս գոյություն չունի: «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», - հայտարարության 24-րդ կետն է մեջբերում Հունանյանը։ Ապա` ՀՀ ԱԳՆ խոսնակը հավելում էր. Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը:

Այսինքն, Բաքվից Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների հիմքով՝ թեև պաշտոնական Երևանը որոշ պարզաբանումներ է տալիս, բայց, այնուամենայնիվ տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմն ընդունում է, որ ինչ-որ չափով առաջընթացը հնարավոր չի դարձել հայկական կողմի մեղքով:

 

Մինչդեռ իրականությունը լիովին այլ է. նախ հայկական կողմը, թեև խաղաղության կողմնակից է, սակայն թույլ է տվել ադրբեջանական ստորաբաժանումների ներկայություն արդեն ՀՀ տարածքում:

 

Իսկ այն, որ Արցախում է գրանցվել ադրբեջանական կողմի որոշակի առաջխաղացում, սա էլ հայկական կողմն արդեն բարդում է ռուս խաղաղապահների ուսերին:

 

Ստացվում է՝ մի կողմից պաշտոնական Երևանը իր անելիքի մասը թողնում է ռուսներին, իսկ մյուս մասով էլ՝ պատրաստ է արդարանալ, թե՝ «ով ասեց, մենք պատրաստ ենք խաղաղության»:

 

Մետաքսյա Շալունց

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.