Ադրբեջանական կողմը հրաժարվել է այսօր Բրյուսելում հանդիպումից, փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը՝ հայկական կողմի հետ խոսակցության գնալուց հրաժարվում ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:  

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում խաղաղության օրակարգը Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ունի ռեալ այլընտրանք՝ Փաշինյանը բացասական պատասխան տվեց:

 

«Երեկ էլ չուներ այլընտրանք, երեկ չէ առաջին օրն էլ չուներ այլընտրանք: Այլ բան է, թե մենք ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը: Շատ կարևոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է հանդիպակաց, կառուցողական շարժում լինի: Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի, այլընտրանք չուներ երեկ և այլընտրանք չունի վաղը: Այլընտրանք չունի, և նաև դա է պատճառը, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք և կշարունակենք անել՝ ՀՀ-ի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ խաղաղության օրակարգի այլընտրանքը նոր պատերազմն է: Ադրբեջանը հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ:

Ադրբեջանական կողմը հրաժարվել է այսօր Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից, ինչպես նաև չի արձագանքել արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հայկական կողմի առաջարկին։

«Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար: Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, բայց նաև առավել ևս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական, համբերատար առաջ մղումը: Եվ բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»,-ասաց վարչապետը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.