Ռուսաստանը հուսով է, որ կկարողանա Թուրքիային համոզել Սիրիայում նոր ռազմական գործողություն չանցկացնել

Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ կապված այս երկրի կողմից Սիրիայում ծրագրված ռազմական գործողության հետ և հույս ունի քաղաքական և դիվանագիտական միջոցներով համոզել Անկարային՝ հրաժարվել այն իրականացնելու ծրագրից: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք դրա հույս ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին առ այն, թե հնարավո՞ր է Թուրքիային համոզել հրաժարվել Սիրիայում ծրագրվող գործողությունից։ 

«Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ, մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- հավելել է Բոգդանովը։

 

Երկուշաբթի ավելի վաղ TGRT հեռուստաալիքը հայտնել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային գործողություն սկսելու և այն սկսելու հրամանի է սպասում։ Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում  ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն օրերս արձագանքել էր Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը:

«Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չի լինի, քանի որ այն կարող է իրավիճակը ապակայունացնել»,- ասել էր նա՝ հավելելով, որ Մոսկվան Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել  քաղաքական ճանապարհով: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նախազգուշացրել էր Անկարային, որ այս ամենը չի նպաստի Սիրիայի անվտանգությանը և կայունությանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը. «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.