Հրավիրվել է Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հունիսի 20-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

 

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ու «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքի նախագծի քննարկման հարցերն էին։

««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արամ Գրիգորյանը։Նախագծով առաջարկվում է՝  հրատապ հարցերով Ազգային ժողովի նիստ կամ նստաշրջան գումարել կամ անցկացնել նաև ոչ աշխատանքային օրերին:

 

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման նպատակը երաշխավորության ինստիտուտի կատարելագործումն ու երաշխավորների իրավունքների պաշտպանությունն է:

 

Օրինափաթեթով առաջարկվում է՝ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը` գումարային արտահայտմամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը։ Առաջարկվող մյուս փոփոխությամբ՝  վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն՝ որոշակի բացառություններով։

 

«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի աշխատողի լիազորությունների կասեցման դեպքում նրանց տրամադրվող վարձատրությունը, տրամադրելու կարգն ու չափը։ Օրենսդրորեն հստակ կամրագրվի աշխատողի լիազորությունների կասեցումը՝ որպես դատավարական հարկադրանքի այլ միջոց։

 

«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» որոշման նախագծի ընդունմամբ կհամապատասխանեցվի Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը, ինչպես նաև նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ՝ լիազորությունների ամբողջ ժամկետով, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 5 տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ:

 

Նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը և ներկայացվելու են ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.