Լսե՛ք, այն ինչ Արևմուտքի աչքերում է, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Լավրովի կոշտ պատասխանը BBC-ի թղթակցին

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին։

Զրույցի ընթացքում BBC-ի թղթակիցը մեջբերել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինայի Չեռնիգովի շրջանի Յահոդնոե գյուղում ռուս զինվորականները 28 օր դպրոցի նկուղում՝ առանց զուգարանի և գրեթե առանց ջրի պահել են 360 հոգու, այդ թվում՝ 74 երեխայի և հինգ հաշմանդամություն ունեցողի,  մահացել է 10 տարեց մարդ։

«Սա կռիվ է նացիզմի դե՞մ», - հարցրել է BBC-ի թղթակիցը։

«Գիտեք, ցավոք սրտի, միջազգային պաշտոնյաները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, այդ թվում՝ ի մեծ ափսոսանք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՄԱԿ-ի շատ այլ ներկայացուցիչներ ենթարկվում են Արևմուտքի ճնշմանը: Եվ շատ հաճախ նրանք հանդես են գալիս որպես խոսափող այն կեղծ լուրերի համար, որ տարածում է Արևմուտքը»,- պատասխանել է Լավրովը։

Հարցազրույցի ընթացքում Ռոզենբերգն անդրադարձել է հունիսի 9-ին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դատարանի վճռին, որով մահապատժի են դատապարտվել բրիտանացիներ Շոն Փիններին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին. նրանք մեղավոր են ճանաչվել վարձկանության, իշխանության բռնի զավթման փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Երեքն էլ Ուկրաինայի զինված ուժերի անդամներ են, որոնք պայմանագրեր են կնքել մինչ ռուսական ներխուժման սկիզբը։

«Արևմուտքի աչքում Ռուսաստանն է պատասխանատու այս մարդկանց ճակատագրի համար: Դուք չե՞ք կարծում, որ…»,- սկսել է BBC-ի լրագրողը:

«Ո՛չ,- պատասխանել է ՌԴ ԱԳ նախարարը, չսպասելով հարցի ավարտին,- Լսե՛ք, այն ինչ Արևմուտքի աչքերում է, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է միայն միջազգային իրավունքը, միջազգային իրավունքի համաձայն՝ վարձկանները մարտիկներ չեն: Հետևաբար, այն, ինչ ձեր աչքերում է, անկեղծ ասած նշանակություն չունի»:

«Նրանք վարձկաններ չեն, նրանք ծառայում էին Ուկրաինայի զինված ուժերում»,- հակադարձել է Ռոզենբերգը։

 

«Դա պետք է որոշի դատարանը»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.