Հարսանեկան արարողություն՝ Արարատի գագաթին. երիտասարդ զույգի յուրահատուկ ամուսնությունը (տեսանյութ)

Արարողության վայրը՝ Մասիսի գագաթ, հանդերձանքը՝ արշավային հագուստ. հրավիրված եք հարսանեկան միջոցառման: Իշխան Գևորգյանն ու Աշխեն Հովհաննիսյանն այն երիտասարդ զույգերից են, որ ամուսնությունից առաջ մտածում են, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, որ այն դառնա հիշարժան ու ինքնատիպ: Նրանք երկուսով սիրում են բնությունը, արշավները, լեռներ, բարձունքներ հաղթահարելը, և այս ընդհանուր նախասիրությունը հարսանեկան արարողությունը կազմակերպելու հիմք հանդիսացավ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աշխենը պատմեց, որ փեսացուին առաջարկել է որևէ հանգստավայրում մեղրամիսը կազմակերպելու փոխարեն մասնակցել Մասիսի գագաթ բարձրանալու արշավին:

 

 

«Իշխանի հետ բազմիցս խոսել ենք Մասիսը բարձրանալու մեր երազանքի մասին: Հայերի մեծամասնությունը միշտ էլ երազում է Արարատը բարձրանալու մասին, այդ ցանկությունը, կարծես, փոքրուց լինի: Իշխանին միշտ առաջարկում էի ամուսնությունից հետո գնանք Մասիսը բարձրանանք: Հետո մի օր խոսեցինք, և Իշխանն ասաց՝ արի գնանք ու միանգամից Մասիսի գագաթին էլ ամուսնանանք, դրանից լավ ամուսնական արարողություն չի լինի: Բնականաբար, համաձայնեցի»,- պատմում է Աշխեն Հովհաննիսյանը:

 

Արշավի մասնակիցների հիմնական մասն ամենավերջում տեղյակ եղավ մեր նախաձեռնության մասին: Գագաթին էինք, ասացինք՝ դուք հրավիրված եք հարսանիքի: Մարտին Մարտիրոսյանը («Հատիս» արշավախմբի ղեկավար) խաչը պահեց, մյուսներն օգնեցին շամպայնը լցնել: Այլ կերպ ասած՝ ներկաներին անակնկալ արեցինք: Կարծես երկու ուժեղ զգացողություն բազմապատկվել էր. մի կողմից՝ Մասիսի գագաթը բարձրանալու դժվարությունը հաղթահարելն էր, մյուս կողմից՝ ամուսնության արարողությունը»,- ասաց Իշխան Գևորգյանը:

Երիտասարդ զույգը տարիներ անց ժպիտով ու հիացմունքով է հիշում ինքնատիպ հարսանեկան օրը, պատմում հզոր, հպարտ զգացողության, այդ պահին Աստծուն ավելի մոտ լինելու մասին: Արդեն իրենց երեխաների հետ այդ պատմություններով կիսվելու հնարավորությունն ունեն: Ամուսնությունից հետո շարունակում են արշավները՝ ներգրավելով նաև փոքրիկներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.